Թեոդորոս Ռուսոպուլոս. ԵԽԽՎ-ն չի կարող աչք փակել Ադրբեջանի կողմից Եվրոպայի Խորհրդի սկզբունքների խախտման վրա

03 Հոկտեմբերի 2025, 20:11

Քաղաքականություն

«Մենք հատուկ հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ»,- Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը՝ խոսելով այն մասին, թե ինչպես կարող է կազմակերպությունն օգնել Բաքվում պահվող հայ գերիների ազատման հարցում։

«Ես այդ հարաբերությունները հատուկ եմ անվանում, քանի որ ԵԽԽՎ ղեկավարի պաշտոնում իմ առաջին օրը վիճարկեցինք Ադրբեջանի լիազորությունները։ Այդ պահից ի վեր մենք զգալի ջանքեր ենք գործադրել նրա վերադարձի համար, սակայն պայմաններով, այլ ոչ թե պարզապես ներկայություն ապահովելու համար։ Ի վերջո, ի՞նչ իմաստ ունի, որ պետությունը համարվի կազմակերպության անդամ, եթե այն չի ենթարկվում և չի հարգում կազմակերպության սկզբունքները։ Կարևորագույն խնդիրներից մեկն այն էր, որ մեզ թույլ չտվեցին այցելել Բաքվի բանտերում գտնվող գերիներին։ Նաև, ինչպես հիշում եք, մերժեցին մեր այցը Լաչինի միջանցք։ Մեր գործընկերները միգրացիոն և այլ հանձնաժողովներից բազմիցս նման խնդրանքներ են հղել։ Մենք նաև պահանջել ենք հանդիպումներ կալանավորվածների հետ, սակայն պարոն Ալիևը բացասական պատասխան է տվել։ Ավելին, Ադրբեջանը դժգոհություն է հայտնել մեր ներկայությունից՝ կազմելով մոտ 76 անձանցից բաղկացած ցուցակ, որոնք հայտարարվել են անցանկալի անձ: Ես նույնպես այդ ցուցակում եմ: Մենք չենք կարող աչք փակել Ադրբեջանի կողմից Եվրոպայի Խորհրդի սկզբունքների խախտման վրա»,- ասել է Ռուսոպուլոսը։

Հիմա եթերում