Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր դարաշրջանը պետք է կառուցվի մարդու իրավունքների հարգանքի վրա. ԵԽԽՎ նախագահ
04 Հոկտեմբերի 2025, 00:04
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Alpha News-ի հարցին՝ կապված ԵԽԽՎ-ում Հայաստանի վարչապետի հայտարարության հետ, նշել է, որ «չի մեկնաբանի վարչապետի գործողությունները, քանի որ այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր համաձայնագիր է ձեռք բերվել»։
«Որքանով տեղյակ եմ, այն դեռ ամբողջությամբ ավարտված չէ, և դեռևս կան բազմաթիվ մանրամասներ, որոնք ճշգրտման կարիք ունեն։ Ուստի ես կնախընտրեի սպասել կողմերի վերջնական որոշմանը, ինչպես նաև հայ ժողովրդի արձագանքին։ Այդ ժամանակ, հնարավոր է, ես կամ ինձ հաջորդող նախագահը կարողանանք արտահայտել մեր դիրքորոշումը»,- հայտարարել է նա:
«Ես միշտ ձգտում եմ ձեզ հետ խոսել առավելագույնս բաց։ Սակայն հիմա, հաշվի առնելով իրավիճակի փխրունությունը, ես չէի ցանկանա միջամտել։ Երբ գոյություն ունի նախնական համաձայնություն, և մնում է սպասել կոնկրետ մանրամասների այսքան կարևոր հարցի շուրջ՝ Խորհրդարանական վեհաժողովի և նրա նախագահի կողմից, ավելի ճիշտ կլինի ձեռնպահ մնալ մեկնաբանություններից։ Հիմա մենք մուտք ենք գործում նոր դարաշրջան, որը սկսվեց վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումից հետո Օվալաձև աշխատասենյակում՝ նախագահ Թրամփի ներկայությամբ։ Այս հանդիպումը ստեղծեց նոր իրավիճակ և նոր էջ բացեց երկու երկրների հարաբերություններում։ Ուստի ես նախընտրում եմ ձեռնպահ մնալ մեկնաբանություններից՝ սպասելով իրադարձությունների հետագա զարգացմանը և համաձայնագրի մանրամասների ճշգրտմանը։ Կարծում եմ՝ խելամիտ է ոչ միայն իմ, այլև Վեհաժողովի կողմից այս փուլում գնահատականներ չտալը։ Միևնույն ժամանակ, կարելի է ասել մի բան. այս նոր դարաշրջանում չափազանց կարևոր է ապահովել մարդկանց իրավունքների նկատմամբ հարգանքը. սա է մեր՝ որպես ինստիտուտի, պարտքը»,- հավելել է Ռուսոպուլոսը։