Ռուսաստանի բուհերում հայ ուսանողների համար նախատեսված քվոտաները կավելանան, իսկ Հայաստանում ռուսական դպրոցներ կբացվեն
22 Հուլիսի 2023, 09:18
Հայաստանից ավելի քան 2000 ուսանող այժմ սովորում է ռուսական բուհերում, և նրանց քվոտան ապագայում կավելանա: «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ երկու երկրների գիտակրթական համագործակցությանը նվիրված Ռուսաստանի և Հայաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարել է է ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը։
«Այսօր Հայաստանում գործում են ռուսական բուհերի երեք մասնաճյուղեր, ինչպես նաև Ռուս-հայկական պետական համալսարանը։ Ռուսական բուհերում սովորում է ավելի քան երկու հազար հայ ուսանող: Միաժամանակ, տարեցտարի ավելանում է ՀՀ-ից ուսանողների համար նախատեսված քվոտաների թիվը»,- ասել է Յուրի Վորոբյովը՝ նշելով, որ ներկայումս ավելի քան 38 համատեղ նախագծեր են իրականացվում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կրթական հաստատությունների կողմից։
Վորոբյովը, որպես միջբուհական հաջող համագործակցության օրինակ, նշել է Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի և ՌՀՀ-ի համատեղ ասպիրանտուրայի բացման նախագիծը, որը մեկնարկել է 2021 թվականին։ Բացի այդ, ըստ նրա, գիտական համագործակցության պայմանագիր կա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի միջև։
«Կիրականացվեն 60 համատեղ նախագծեր և հետազոտություններ։ Դրանց թվում է Սևանա լճի ջրային պաշարների պահպանության և ռացիոնալ օգտագործման խնդրի լուծման նպատակով լճի ներկա վիճակի էկոլոգիական և կենսաբանական համապարփակ գնահատումը»,- նշել է Դաշնության խորհրդի փոխնախագահը։
Նա հավելել է, որ գիտությունն ու կրթությունը երկկողմ հարաբերությունների հումանիտար բաղադրիչի էական մասն են։
«Մենք վերահաստատում ենք մեր երկրների միջև միասնական կրթական , գիտական ու լեզվական տիրույթի ձեւավորման կարևորությունը։ Մեր ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա մեկնարկել է Հայաստանում չորս ռուսական դպրոց կառուցելու նախագիծ։ Դրա իրականացումը տեղի է ունենում ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում։ Ստեղծվել է հատուկ երկկողմ աշխատանքային խումբ»,- հիշեցրել է Վորոբյովը։
Նրա փոխանցմաամբ՝ Ռուսաստանի կառավարությունը 35 մլն ռուբլի է հատկացրել Հայաստանի դպրոցների համար ավելի քան 60 հազար դասագիրք գնելու համար։