Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն է կազմակերպվել. ահազանգն ընթացք կստանա. ՇՄՆ
06 Հոկտեմբերի 2025, 13:30
Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից՝ կապված Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու հետ Նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրառման միջոցով ընդգծել է, որ Շաքիի ջրվեժի մոտ «Գենդեր փարթի» կազմակերպվելով՝ խախտվել է բնության հուշարձանի պահպանության ռեժիմը:
«Տվյալ գործունեության արդյունքում խախտվել են ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը․ ըստ որոնց՝ Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը, Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով։ Բացի այդ, խախտվել է նաև ՀՀ Բնապահպանության նախարարության 2018 թվականի մարտի 21-ի N 68-Ն հրամանը, որը արգելում է բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն»,- գրել է խոսնակը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Շաքիի ջրվեժը հանդիսանում է բնության ջրաերկրաբանական հուշարձան և գտնվում է պետական պահպանության ներքո։ Ահազանգը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ համապատասխան ընթացք տալու համար։ «Հարգելի քաղաքացինե՛ր, հորդորում ենք պահպանել շրջակա միջավայրի պահպանության սահմանված օրենսդրական պահանջները և զերծ մնալ ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել մեր երկրի բնական ժառանգությանը»,- գրառումը եզրափակել է Անի Հակոբյանը: