Ինչո՞ւ է շարունակ նվազում արտաքին առևտուրը
14 Հոկտեմբերի 2025, 18:35
Վերջին օրերի քննարկվող հարցերի մեկը՝ ի վերջո որքա՞ն է կազմում Հայաստանի և ՌԴ-ի առևտուրը, կարծում ենք, որ ստվերում թողեց շատ ավելի կարևոր՝ արտաքին առևտրի և դրա դինամիկայի բովանդակային կողմը։ Իսկ ինչի՞ մասին են վկայում փոփոխությունները։
Այս տարվա հունվար-օգոստոսին արտաքին առևտուրն անկում է ապրել 41.1 %-ով: Առևտուրն անկումային էր և՛ հունվար-հուլիսին, և՛ դրան նախորդող ժամանակաշրջանում: Փաստացի, Հայաստանի արտաքին առևտուրը շարունակում է ազատ անկման մեջ մնալ․ իսկ որքանո՞վ են նորմալ այսօրվա անկումներն արտաքին առևտրաշրջանառության վիճակագրությունում: Դրանց ո՞ր մասն է օբյեկտիվ, որը՝ քաղաքականության կամ դրա բացակայության արդյունք:
Խնդրի օբյեկտիվ կողմը ոսկու վերաարտահանման ազդեցության չեղարկումն է. չկա այդ գործոնը, առևտրի վիճակագրությունը բարձր անկում է գրանցում:Սակայն սուբյեկտիվ կողմը կայանում է նրանում, որ փաստացի արտաքին առևտրի համար ձևավորված դրական միջավայրի պայմաններում Հայաստանիարտահանման պոտենցիալը կրճատվել է:
Հաջորդ հարցը, որը շատ ավելի կարևոր է, քան պարզապես վիճակագրությունը, դա արտաքին առևտրի կառուցվածքն է։ Ինչպիսի՞ կառուցվածք ունի այն և դա՛ որքանով է լավ կամ վատ, օբյեկտիվ կամ քաղաքականության (կամ դրա բացակայության) արդյունք:
Հայաստանի արտաքին առևտրի զգալի մասը՝ 34,8 %-ը բաժին է ընկնում միայն ՌԴ-ին: Եվրամիությունը 12,2 % մասնաբաժին ունի, մնացած երկրներին բաժին է ընկնում ավելի փոքր մասնաբաժիններ: Եթե կրկին տարանջատելու լինենք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների, ապա օբյեկտիվ է այս պատկերը՝ ելնելով հանգամանքից, որ ՌԴ-ի հետ առևտրատնտեսական խողովակները տասնամյակների կայացած կապեր են, մենք ԵԱՏՄ կազմում ենք, ինչը ևս նպաստում է փոխադարձ առևտրի աճին: Սուբյեկտիվ հարցադրումը կայանում է նրանում, որ ցանկացած դեպքում մեկ առևտրային ուղղությունից այսքան մեծ կախվածությունը լավ չէ: Եվ հատկապես ուշադրության արժանի է այն փաստը, որ այդ կախվածությունն էլ ավելի մեծացավ այն իշխանության օրոք, որն ամենաշատն էր բարձրաձայնում դիվերսիֆիկացիայի մասին:
Շատ մտահոգիչ է հանգամանքը, որ հիմնական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ ևս անկում կա, որը, սակայն, չի փոխհատուցվում այլ ուղղությունների հետ առևտրով։ Ինչպիսի՞դինամիկա ունի առաջին առևտրային գործընկերոջ հետ առևտուրն ու ինչպիսի՞ն է հնարավոր այլընտրանքային ուղիների հետ վիճակը: Այստե՞ղ ինչն է օբյեկտիվ, ինչը՝ քաղաքականության կամ դրա բացակայության արդյունք:
Փաստացի, ՌԴ-ն է մեր առևտրային հիմնական գործընկերը, սակայն փոխադարձ առևտրում ունենք անկումներ: Այլ ուղղություններում ևս պատկերն առանձնապես լավ չէ: Եթե անգամ կա աճ, ապա դրանք համարժեք չեն, որպեսզի փոխհատուցեն հիմնական գործընկերոջ հետ առևտրի անկումը: