Ալիևն ու Փաշինյանը հաստատեցին՝ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի 2028 թվականին
23 Հոկտեմբերի 2025, 12:10
(Հաղորդակցությունները ապաշրջափակելու փոխարեն՝ Հայաստանը լիովին կախվածության մեջ կմտնի թյուրքական աշխարհից)
«Մեկնաբանելով շաբաթվա ընթացքում Փարիզի Լուվրի թանգարանի կողոպուտը՝ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ տեղի ունեցածը երբեմնի մեծ պետության անկման նշան է, որտեղ կառավարությունը կատարելության է հասցրել մարդկանց երևակայական սպառնալիքներով շեղելու արվեստը՝ իրականներին դիմակայելու փոխարեն։ Դուրովը չի սխալվում, երբ արձանագրում է նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականության ձախողումը։ Դուրովը ճիշտ է, երբ ասում է, որ ֆրանսիական կառավարությունը կատարելության է հասցրել մարդկանց շեղելու արվեստը, բայց կա մի կարևոր լրացում. Դուրովը ծանոթ չէ Հարավկովկասյան համատեքստին, այլապես նա կզարմանար, թե ինչպես են Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ձեռք ձեռքի տված շեղում հայ հասարակությանը։
Մինչ Հայաստանի իշխանության նախարարներից ու պատգամավորներից մինչև քարոզիչներ հիանում էին Իլհամ Ալիևի այն որոշմամբ, որը թույլ էր տալիս Հայաստան տրանզիտային բեռներ փոխադրել Ադրբեջանի տարածքով, տեղի ունեցավ մեկ այլ կարևոր իրադարձություն. Փաշինյանը և Ալիևը համաժամանակյա կերպով նշեցին «Զանգեզուրի միջանցքի» բացման տարեթիվը։
«Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը, հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում Ղազախստանի նախագահի հետ ճեպազրույցի ժամանակ։ «Ադրբեջանի տարածքում ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքի բոլոր աշխատանքները կավարտվեն մինչև 2026 թվականի կեսերը։ Հուսով ենք, որ մյուս երկրների տարածքում էլ ամեն ինչ կիրականացվի նույն արագությամբ, և այդ դեպքում Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը», – հայտարարեց նա։
Ալիևի հայտարարությունը եղել է հոկտեմբերի 21-ին, իսկ արդեն հոկտեմբերի 22-ին Վրաստանում աշխատանքային այցով գտնվող Նիկոլ Փաշինյանը «Մետաքսի ճանապարհ» V ֆորումում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական առումով ՀՀ-ն պատրաստ է ապահովել Նախիջևանից դեպի Ադրբեջանի հիմնական մասը և հակառակ ուղղությամբ տարանցումը Հայաստանի տարածքով, սակայն տեխնիկապես դեռ պատրաստ չէ ենթակառուցվածքի բացակայության պատճառով՝ ընդգծելով, որ այս տեխնիկական հարցերը նույնպես կլուծվեն երկու-երեք տարվա ընթացքում։
2028 թվականը «Զանգեզուրի միջանցքի» բացման տարին է։ Դա հաստատեցին և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը։
Վերադառնալով տրանզիտի թեմային, որը «բացվել է» Հայաստանի համար Ադրբեջանի տարածքով, հարկ է ասել, որ ընտրվել է շատ յուրահատուկ ապրանք՝ որպես առաջին «փորձնական խմբաքանակ»։ Փաշինյանը մտադիր է Հայաստան ներկրել ցորեն Ղազախստանից։ Ապրանքի ընտրությունը պատահական չէ։ Հայաստանը սպառվող ցորենի ավելի քան 90 տոկոսը ներմուծում է ՌԴ-ից, և հիմա Փաշինյանը ու Ալիևը ստեղծում են «գեղեցիկ պատկեր», որում ռուսական ցորենը կարող է փոխարինվել ղազախական ցորենով։ Իրականում հարցը աշխարհաքաղաքական է. ԵԱՏՄ-ից սպասվող դուրս գալուց հետո (ԵՄ անդամակցության հայտը, որի մասին անցյալ շաբաթ խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անհամատեղելի է ԵԱՏՄ անդամակցության հետ), ՌԴ-ի հետ տնտեսական կապերի խզումից հետո հայկական շուկայի կախվածությունը ադրբեջանական և թուրքական ապրանքներից կդառնա կրիտիկական։ Կախվածությունը Ադրբեջանով անցնող տրանզիտից կդառնա կրիտիկական։ Պայմանական ցորենի կամ գազի մատակարարումները կդառնան քաղաքական ճնշման լծակներ Հայաստանի վրա։
Սակայն մինչ այդ անհրաժեշտ է ստեղծել մի պատրանք, թե հարցերը, այդ թվում և ՀՀ-ի պարենային անվտանգության հարցերը, լուծված են։
Հայաստանի ինտեգրումը թյուրքական աշխարհ ավելի արագ է տեղի ունենում, քան շատերը կարող էին մտածել։
Մտածե՛ք այդ մասին․.․»։