Ստանիսլավսկին՝ սրտում, Հոլիվուդը՝ ճակատագրում. Ակիմ Թամիրով

29 Հոկտեմբերի 2025, 22:00

Հայեր

Թատրոնի և կինոյի դերասան Ակիմ Թամիրովը (Հովակիմ Թամիրյանց) Հոլիվուդի «Փառքի ծառուղում» հայտնված առաջին հայն է։ Ռուսական դպրոցն ավարտած և ամերիկյան ճակատագրով դերասանը վառ հետք է թողել համաշխարհային կինոյում։

Ծնվել է 1899 թվականի հոկտեմբերի 29-ին, հայկական ընտանիքում, Թիֆլիսում կամ Բաքվում՝ ըստ տարբեր աղբյուրների։ Նրա հայրը նավթարդյունաբերող էր, սակայն պատանի Թամիրովն ընտրել է արվեստի ուղին։ 19 տարեկանում նա ընդունվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի դպրոց-ստուդիան, որտեղ սովորել է հենց Ստանիսլավսկու մոտ։ Արդեն այն ժամանակ նրա արտահայտիչ արտաքինն ու խորը հայացքն ուշադրություն էին գրավում։ Դերասան Ռիչարդ Բոլեսլավսկին մի անգամ նրան ասել է՝ «Դու հետաքրքիր աչքեր ունես։ Այնպիսի տպավորություն է, որ տառապում ես»։

1923 թվականին, հյուրախաղերից հետո հայտնվելով ԱՄՆ-ում, Թամիրովը որոշել է այնտեղ մնալ։ Նա սկսել է աշխատել Նիկոլայ Բալիևի «Չղջիկ» թատերախմբում, իսկ ավելի ուշ բացել է իր սեփական դերասանական ստուդիան։ Նրա կարիերան Հոլիվուդում մեկնարկել է 1932 թվականին և շարունակվել չորս տասնամյակ։ Թամիրովը նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում, աշխատել է Օրսոն Ուելսի, Փրեսթոն Սթերջեսի, Ֆրենկ Սինատրայի, Ինգրիդ Բերգմանի և այլ աստղերի հետ։

Թամիրովը խաղացել է գեներալների, լրտեսների, արևելյան վաճառականների, իսպանական գրանդների դերեր։ Նրա առոգանությունն ու պլաստիկան նրան անփոխարինելի էին դարձնում էկզոտիկ կերպարների դերերում։ Նա երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «The General Died at Dawn» և «For Whom the Bell Tolls» ֆիլմերում երկրորդ պլանի դերերի համար։ 1960 թվականին նրա անունը հայտնվել է Հոլիվուդի «Փառքի ծառուղում», որը հազվագյուտ դեպք էր ռուս-հայկական արմատներով դերասանի համար։

Չնայած ԱՄՆ-ում ունեցած հաջողությանը՝ Թամիրովը պահում էր կապը ռուսական մշակույթի հետ և չի մոռացել իր հայկական ծագման մասին։ Նա ակտիվորեն մասնակցում էր էմիգրանտների մակութային կյանքին, աջակցում էր երիտասարդ դերասաններին և ռեժիսորներին։ Նրա ոճը համատեղում էր Ստանիսլավսկու դպրոցը և հոլիվուդյան էքսպրեսիան, ինչը նրան եզակի էր դարձնում։

Ակիմ Թամիրովը մահացել է 1972 թվականի սեպտեմբերի 17-ին Կալիֆոռնիայի Փալմ Սփրինգս քաղաքում։ Նրա ժառանգությունը ոչ միայն ֆիլմերն են, այլև օրինակ այն բանի, թե ինչպես կարող է կովկասցի արտիստը նվաճել Հոլիվուդը՝ մնալով հավատարիմ ինքն իրեն։