Մարիա Զախարովան մեկնաբանել է Գյումրու քաղաքապետի ձերբակալությունը
30 Հոկտեմբերի 2025, 18:47
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը, որին, ի թիվս այլ բաների, մեղադրում են Ռուսաստանի հետ միութենական պետության գաղափարին սատարելու մեջ:
Նրա խոսքով` Հայաստանի իրավապահ մարմինների գործողությունները երկրի ներքին գործն են, սակայն տարակուսելի է այն փաստը, որ Ռուսաստանի հետ համագործակցության մասին դատողությունները մեկնաբանվում են որպես ոտնձգություն ինքնիշխանության դեմ:
Զախարովան նշել է, որ նման մեղադրանքները հատկապես տարօրինակ են հնչում Եվրամիությանն անդամակցելու ձգտման մասին հայ քաղաքական գործիչների հայտարարությունների ֆոնին:
«Հետաքրքիր է, թե ինչ են մտածում այդ մասին երկրի իրավապահ մարմինները։ Չէ որ ԵՄ-ին անդամակցելն ուղղակիորեն ենթադրում է ազգային ինքնիշխանության սահմանափակում՝ արտաքին քաղաքականության, տնտեսության, միգրացիայի, դրամավարկային քաղաքականության և շատ այլ ոլորտներում», — հայտարարել է նա։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ի դեպքում նման արտահայտությունները քրեական հետապնդում չեն առաջացնում, չնայած եվրոպական կառույցներին ինտեգրվելը ենթադրում է նաև ինքնիշխան լիազորությունների մի մասի փոխանցում: Այս համատեքստում Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանն արդեն ՀԱՊԿ, ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ է, իսկ նրա ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին: