Մի՛ տրվեք մանիպուլյացիաներին. Ադրբեջանի հետ սահմանը դեռ փակ է
07 Նոյեմբերի 2025, 12:20
(Ցորենի մատակարարման շուկան դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել)
«Սպասում էին ցորեն Ղազախստանից, բայց եկավ ռուսականը… Ռուսական ցորենի առաջին խմբաքանակը նոյեմբերի 6-ին ժամանել է Հայաստան, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա տեղեկացրել է, որ 1000 տոննա ռուսական ցորենի գնումն իրականացրել է մասնավոր ընկերությունը՝ չցանկանալով մանրամասներ հայտնել (ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ խոսքը գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերության մասին է)։ Միաժամանակ, Պապոյանը լրագրողների հետ զրույցում չի կարողացել պատասխանել այն հարցին, թե որքանով է կրճատվում ճանապարհը նոր երթուղու շնորհիվ, սակայն նշել է, որ այժմ հնարավոր կլինի խուսափել Վերին Լարսում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներից, այդ թվում՝ հերթերից, սողանքներից կամ ձնաբքից։
Նիկոլ Փաշինյանն էլ չէր կարող չմեկնաբանել ցորենի ներկրումը և նա դա անվանել է «պատմական իրադարձություն»։ «Հայաստան է (անցած գիշեր) ժամանել Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով ցորենով բեռնված առաջին երկաթուղային շարժակազմը։ Սա կարևոր ու պատմական իրադարձություն է, ներկայումս Ղազախստանից երկրորդ գնացքի ժամանմանն ենք սպասում»,- նշել է Փաշինյանը։
Այդուհանդերձ, եկեք հասկականք իրավիճակը.
1. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը բաց չէ։ Բեռն անցել է միայն տարանցիկ ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքով, իսկ այնուհետև Վրաստանի տարածքով հասել Հայաստան։ Սահմանների բացումը, որի կարևորությամբ արդարացվում էր պաշտոնական Երևանի անգործությունը 2023 թվականին Արցախում էթնիկ զտումների օրերին, տեղի չի ունեցել։
2. Մինչև Արցախի անկումը, Հայաստանը մինչև 50 հազար տոննա ցորեն էր ստանում ԼՂՀ-ից։ Արդյոք արժեր կորցնել մի քանի հազար մարդ և 12 հազար քառակուսի կիլոմետր՝ Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ցորեն ստանալու համար…:
3. 2024 թվականի հոկտեմբերին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանում ցորենի փոխարեն ռազմավարական ապրանք կարող է դառնալ բրինձը։ Գրիգորյանն առաջարկել էր քննարկել այս տարբերակը՝ որպես ցորենին հնարավոր փոխարինող՝ արտաքին գործոններից ցորենի մատակարարման խոցելիության պատճառով երկրի պարենային անվտանգությունն ապահովելու համար։
«Արտաքին գործոններից խոցելիություն» ձևակերպման ներքո Գրիգորյանն, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ, որ ցորենի իր պահանջարկի ավելի քան 95%-ը Հայաստանը բավարարում է ՌԴ-ից մատակարարումներով՝ տարեկան մինչև 350 հազար տոննա։ Իսկ ի վերջո, ի՞նչ ունենք։ Իբրև թե շուկաների և մատակարարման երթուղիների դիվերսիֆիկացիայի համատեքստում կրկին ցորեն է գալիս ՌԴ-ից։
Իրականությունն այն է, որ ՀՀ-ի և ՌԴ-ի երկաթուղային կապի համար ամենաընդունելի երթուղին Աբխազիայի միջոցով անցնող ճանապարհն է, որը ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ։ Ինչ վերաբերում է ցորենի այս խմբաքանակին, ապա ՀՀ դրա մատակարարման գործում կարևոր դեր են խաղացել մի շարք ռուս պաշտոնյաներ, որոնք կարծում են, որ նման քայլերով հնարավոր է կանգնեցնել կամ դանդաղեցնել Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից՝ երկրի ինտեգրումը թյուրքական աշխարհ։
Սակայն, հարցն այն է, որ Փաշինյանի կողմից ռազմավարական ընտրությունն արդեն վաղուց կատարված է, ինչի հաստատումը դարձավ նրա այսօրվա ճեպազրույցը, երբ մի կողմից նա խոսում էր «պատմական իրադարձության, ռուսական ցորենի ժամանման մասին», իսկ մյուս կողմից, Վլադիմիր Պուտինի կողմից պարգևատրված արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին անվանեց «ԿԳԲ-ի գործակալ»։ Եվ դա այն իրավիճակում, երբ Փաշինյանը ՀԱԵ-ին պատերազմ է հայտարարել, իսկ նրա թիմը Ռուսաստանին մեղադրում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ։
Ռազմավարական ընտրությունը վաղուց արված է, Հայաստանն արդեն վաղուց ունի տոմս «Թուրանական Էքսպրես»-ի համար։
Մտածե՛ք այդ մասին․.․»։