Ընդդիմությունը ընտրությունները հայտարարել է ոչ լեգիտիմ, ընդունել է համատեղ հայտարարություն՝ ԿԸՀ որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու և փողոցային պայքար սկսելու վերաբերյալ
14 Հունիսի 2026, 22:17
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը,«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը և «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․
«Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը։
Ներքոստորագրյալ քաղաքական ուժերս արձանագրում ենք, որ ընտրական ողջ գործընթացում՝ ներառյալ նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրը, տեղի են ունեցել համակարգային ու կազմակերպված խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրողների ազատ կամարտահայտության, քաղաքական հավասար մրցակցության ապահովման և ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վրա, իսկ գործող վարչախմբի կողմից թույլ են տրվել ընտրական իրավունքի սկզբունքների խախտման ակնհայտ դրսևորումներ։
Մասնավորապես՝
- Վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառում և ճնշումներ
Ամբողջ երկրում պետական և համայնքային պաշտոնյաների, ինչպես նաև նույն կառույցների, կրթական ու առողջապահական հաստատությունների, ուժային համակարգի ռեսուրսների ինտենսիվ ներգրավումը քաղաքական գործընթացներում խաթարել է հավասար մրցակցային պայմանները։ Պետական համակարգի աշխատակիցների նկատմամբ գործադրված ճնշումները, աշխատանքից ազատման և իրավական հետապնդումների սպառնալիքները ձևավորել են կախվածության մթնոլորտ, ինչն անհամատեղելի է ազատ ընտրությունների սահմանադրական սկզբունքի հետ։ - Քաղաքական հետապնդումներ և ձերբակալություններ
Նախընտրական քարոզարշավն ուղեկցվել է ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների և աջակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումների ալիքով։ Իշխանությունները կիրառել են անհիմն ձերբակալությունների և կալանավորումների պրակտիկա՝ նպատակ ունենալով մեկուսացնել հանրային վստահություն վայելող գործիչներին և խաթարել ընդդիմադիր ընտրազանգվածի հետ տարվող կազմակերպչական աշխատանքները։ Նման համակարգային բնույթ կրող գործողությունները հատկապես իրականացվել են նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ համատարած վախի մթնոլորտի սերմանման նպատակով։ - Ընդդիմադիր շտաբերի գործունեության նպատակաուղղված խոչընդոտում
Քվեարկության նախօրեին և բուն ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, իրավապահ մարմինների կողմից իրականացվել է ընդդիմադիր ընտրական շտաբերի աշխատանքների համատարած կաթվածահարում։ Խուզարկությունները, անհիմն իրավական գործողություններով շտաբերի բնականոն գործունեության խաթարումները և կազմակերպիչների ձերբակալությունները միտված են եղել ընտրական գործընթացի վերահսկման մեխանիզմների չեզոքացմանը։ - Տեղեկատվական քարոզչամիջոցների չարաշահում
Հանրային և իշխանությանը հարող, նույնիսկ պետական մեդիառեսուրսները ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվել են ընդդիմության վարկաբեկման, անմեղության կանխավարկածի նսեմացման, հանրային պառակտման և ատելության խոսքի տարածման համար։ Տեղեկատվական դաշտում այլակարծության ճնշումը խախտել է հավասար մրցակցության բոլոր սահմանադրական նորմերը։ - Ձայների հաշվարկի և ընտրողաբար ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչում
Բազմաթիվ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների կամայական խմբագրման և առանձին ընտրատեղամասերում այլ անօրինական գործիքակազմի իրացման դեպքեր են արձանագրվել, որոնք ազդեցություն են գործադրել ընտրության արդյունքների և քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա։ Նշվածը զուգորդվել է նախքան քվեարկության արդյունքների վերաբերյալ պաշտոնական տվյալների ներկայացումը վարչախմբի ղեկավարի կողմից ընտրությունների արդյունքներին ուղիղ միջամտությամբ։
Ուստի մենք հայտարարում ենք.
Ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։
Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։
Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա։
Մենք շարունակելու ենք գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։
Մեր ապագա որոշումներում և գործողություններում ելնելու ենք բացառապես այս իրողություններից»։