Պետք է պայքարել միջազգային կառույցներում Արցախի վերադարձի իրավունքը արձանագրելու համար․ Քոչարյան

09 Նոյեմբերի 2025, 22:03

Քաղաքականություն

Մենք իրատեսական պետք է լինենք, և այսօր իրատեսական լինել նշանակում է՝ միջազգային կառույցներում պայքարել Արցախի վերադարձի իրավունքը արձանագրելու համար։ Այս մասին «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե մնանք նույն իրավիճակում, ինչպիսին այսօրվա Հայաստանն է, հույս չպետք է ունենանք, որ որևէ ատյանում հաջողության կարող ենք հասնել։ Հիմա պետք է Հայաստանը փոխվի, բայց իրատեսականը վերադարձի իրավունքի արձանագրումն է»,– նշել է նախագահը։

Հարցին, թե ինչ պետք է անել, որ Հայաստանին լուրջ վերաբերվեն, Քոչարյանը ընդգծել է․

«Առաջին հերթին պետք է զբաղվել լուրջ բանակով, պետք է ամրացնել Հայաստանի անվտանգությունը։ Եվ ոչ թե նրա համար, որ պատերազմենք, այլ նրա համար, որ չպատերազմենք։ Այդ ձևակերպումը այսպիսին պիտի լինի, որովհետև երբ խոսում եմ բանակի ուժեղության մասին, փորձում են մեղադրել, թե իբր մտքումս ուրիշ բան կա»։

Հիմա եթերում