Սանկտ Պետերբուրգում բացվել է ծովակալ Իսակովի կիսանդրին

28 Նոյեմբերի 2025, 21:15

Հայեր

Սանկտ Պետերբուրգում բացվել է Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի կիսանդրին։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կրոնշտադտի Լենինգրադյան ռազմական շրջանի «Պատրիոտ» զբոսայգում։

Միջոցառմանը մասնակցել են ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ռուս սենատորներ, հայ պատգամավորներ և այլք։

«Այս մարդու պատմությունը բոլորին հայտնի է։ Մարդ, ով երազում էր դառնալ ծովակալ, և դարձավ»,- ասել է Յուրի Վորոբյովը։

Ծովակալ Իսակովի կիսանդրին Սանկտ Պետերբուրգում տեղադրելու նախաձեռնությունը պատկանում է «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամին։

Խորհրդային Միության հերոս Հովհաննես Ստեփանի Իսակովն իր ամբողջ կյանքը նվիրել է նավատորմին, անցել է միչմանից մինչև ծովակալի կոչումը, մասնակցել է Առաջին համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմներին։ Իսակովը հսկայական ներդրում է ունեցել Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի զարգացման և կայացման գործում, մասնակցել է Լենինգրադի, Սևաստոպոլի և Ղրիմի պաշտպանությանը, ընդգրկված է եղել Գերմանիայի կապիտուլյացիան նախապատրաստող կառավարական հանձնաժողովում։