Փաշինյանը փորձում է հարթել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց դրա գինը վճարելու է ՀՀ քաղաքացին. Մեսրոպ Մանուկյան
17 Նոյեմբերի 2026, 16:16
Երեք անգամ Մոսկվա այցելելը և այս տեմպերով խոսելաոճի փոփոխությունը ցույց են տալիս, որ իշխանություններն արդեն զգում են իրենց կատարած քայլերի սխալները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Պատգամավորի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերին Մոսկվա կատարվելիք երեք այցերը և իշխանության ներկայացուցիչների հռետորաբանության փոփոխությունը վկայում են, որ գործող իշխանությունը փորձում է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ գիտակցելով նախկինում վարած քաղաքականության հետևանքները։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման պատճառներին՝ Մանուկյանն ընդգծել է, որ իշխանությունը փորձել է Արևմուտքի հետ կապերի խորացման միջոցով քաղաքական և ֆինանսական աջակցություն ստանալ՝ միաժամանակ սրելով հարաբերությունները Մոսկվայի հետ։
«Երբ սկսում ես երկակի քաղաքականություն վարել՝ մեկ գնում ես Եվրամիություն՝ Հայաստանի համար ֆինանսական միջոցներ խնդրելու, մյուս կողմից՝ փորձում ես Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը «վաճառել» Արևմուտքի վրա ու դրա դիմաց աջակցություն ստանալ, արդյունքում ակնհայտ է դառնում, որ ոչինչ չես ստանում»,- հավելել է նա։