Էդուարդո Էռնեկյան. գործարար, որը միացրեց մայրցամաքները

04 Դեկտեմբերի 2025, 22:00

Հայեր

Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում, հայ գաղթականների ընտանիքում, որոնք 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձություններից հետո տեղափոխվել են Արգենտինա:

Նրա ծնողներն այնտեղ հիմնել են տեքստիլ ձեռնարկություն, որը դարձել է ընտանիքի առաջին քայլը բիզնեսում։ Ինքը՝ Էռնեկյանը, դեռ երիտասարդ տարիքից դրսևորել է գործարար հմտություն։ Չնայած նրան, որ նա երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չունի, նրա բիզնեսը դարձել է ընտանեկան գործ. նրա հետ աշխատում են մահացած եղբոր՝ Ալբերտոյի որդիները՝ Մարտինն ու Ուգոն։

Էռնեկյանն առաջին քայլերն արել է մեդիա ոլորտում։ 1980 թվականին նա գնել է ռադիոկայան, իսկ 1986 թվականին ձեռք է բերել «El Cronista» թերթը՝ տպաքանակը 14-ից հասցնելով 50 հազար օրինակի։ 1988-ին ստեղծել է «Grupo Eurnekian» ընկերությունը և շուտով ձեռք բերել «Cablevision S.A» հեռուստաընկերությունը, որը 1997-ին շահեկանորեն վաճառել է ՝ ներդրումներ կատարելով «CEI Citicorp Holdings S.A»-ում: Այս գործարքները ցույց տվեցին հեռանկարը տեսնելու և ռիսկը հաջողության վերածելու նրա կարողությունը:

Իսկական բեկումը տեղի ունեցավ 1998 թվականին, երբ Էռնեկյանը ձեռք բերեց «Aeropuertos Argentina 2000» ընկերությունը։ Այդ պահից սկսվել է նրա վերելքը ավիացիոն ոլորտում։ Ներկայում Էռնեկյանի հսկողության տակ են գտնվում 49 օդանավակայաններ տարբեր երկրներում՝ Արգենտինայում, Իտալիայում, Հայաստանում, Էկվադորում, Պերուում, Բրազիլիայում և Ուրուգվայում: Նրա կորպորացիան՝ «Corporación América»-ը դարձել է աշխարհի խոշորագույն օպերատորներից մեկը։

Հայաստանում Էռնեկյանի շնորհիվ արդիականացվել է «Զվարթնոց» օդանավակայանը, որը վերածվել է երկրի ժամանակակից օդային դարպասների: Բացի այդ, նա ունի ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր հողատարածք, որտեղ կյանքի է կոչում գյուղատնտեսական և գինեգործական նախագծեր։ ՀՀ-ում նա ներդրումներ է կատարել նաև բանկային ոլորտում՝ ձեռք բերելով «Կոնվերս Բանկ»-ը, ինչպես նաև աջակցում է կրթական և մշակութային նախաձեռնություններին:

Էռնեկյանը հայտնի է ոչ միայն որպես գործարար, այլև բարերար։ 2009 թվականին նա Արգենտինայի կառավարությանը նվիրաբերել է հիվանդանոց, որը կրում էր իր եղբոր՝ բժիշկ Ալբերտո Անդրանիկի Էռնեկյանի անունը։

Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների: 1991 թվականին Էռնեկյանը ստացել է «Leonardo Award» մրցանակը՝ որպես լավագույն արտասահմանյան գործարար, 1995 թվականին ճանաչվել է Արգենտինայի «Տարվա գործարար»։ Իսկ 2001թ. Հայաստանում պարգևատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 2006թ-ին՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով։ 2017 թվականին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում։

Էռնեկյանի կարողությունը 2013 թվականին գնահատվել է 1,8 մլրդ ԱՄՆ դոլար։ Արգենտինայի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցնում է երկրորդ տեղը: Նա բազմիցս ընդգծել է, որ ավելի կարևոր է ոչ թե հարստությունը, այլ աշխատատեղեր ստեղծելու և հասարակության զարգացումը խթանելու հնարավորությունը։

Նրա կյանքը հայ գաղթականի պատմություն է, որը կարողացել է միավորել մայրցամաքները՝ հետք թողնելով ինչպես Արգենտինայի, այնպես էլ Հայաստանի պատմության մեջ: