Կարևոր է պայմանավորվել ոչ միայն Թրամփի, այլև ամերիկյան իսթեբլիշմենթի հետ. Ալեքսանդր Շատիլով

08 Դեկտեմբերի 2025, 21:45

Քաղաքականություն

Քաղաքագետ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ալեքսանդր Շատիլովը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Մոսկվայում կայացած բանակցություններին:

«Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի միջև կայացած բանակցություններն իսկապես շատ երկար էին. 5 ժամ զրուցակիցները քննարկում էին առավել քան բովանդակալից հարցեր: Մյուս կողմից, դրանք, կարծես, ավարտվեցին պայմանավորվածություններով, որոնք, ճիշտ է, չեն հրապարակվում, բայց կարող են մի շարք հարցերի շուրջ դիրքորոշումների համաձայնեցում լինել։ Կարծում եմ՝ իսկապես պահպանվում է «Անքորիջի ոգին», և դա մենք տեսնում ենք կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ Թրամփի հայտարարություններից:

Մի շարք դիրքորոշումներ՝ նույնիսկ ամերիկյան, էլ չեմ խոսում եվրոպականի մասին, Ռուսաստանում առաջացնում են որոշակի կասկածներ, իսկ որոշ դեպքերում՝ մերժում։ Եվ Ռուսաստանը ցանկանում է հետպատերազմյան իրականության պայմաններում իր դերի շատ հուսալի և իրավաբանորեն պարտադրվող երաշխիքներ: Սա վերաբերում է ոչ միայն տարածքային պահերին, այլև մեծ համաշխարհային տնտեսություն Ռուսաստանի վերադարձին, ինչպես նաև պատժամիջոցների չեղարկմանը, համաշխարհային օրակարգում որպես առաջատար սուբյեկտ Ռուսաստանի ներգրավմանը:

Եվ այստեղ ոչ միշտ է հաջողվում ընդհանուր դիրքորոշումներ գտնել նույնիսկ ամերիկացիների հետ։ Չնայած, օրինակ, նույն Թրամփը, իմ կարծիքով, հակամարտությունը դադարեցնելու համար նույնիսկ պատրաստ է «զոհաբերել» ուկրաինական տարածքները, ի տարբերություն եվրոպացիների, որոնք կարծում են, որ Ուկրաինան դեռ կարելի է օգտագործել Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար, և դեռ վաղ է, ինչպես ասում են, հանձնել այն և վաճառել նրա տարածքները։ Եվ այս առումով, իհարկե, եվրոպացիները զբաղեցնում են շատ ավելի կոշտ, անզիջում, ագրեսիվ դիրքորոշում ՌԴ-ի նկատմամբ, ինչը մեծապես զրոյացնում է Ռուսաստանի և Ամերիկայի պայմանավորվածությունները»,- ասում է փորձագետը:

Շատիլովի կարծիքով՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններում կարևոր է երկխոսությունը ոչ միայն այդ երկրի նախագահի, այլև նրա հետևում կանգնած ազդեցիկ շրջանակների հետ։

«Պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ում Թրամփի դիրքն, ընդհանուր առմամբ, այնքան էլ կայուն չէ։ Նրան բոլոր կողմերից ճնշում են ընդդիմախոսները, ընտրազանգվածի շրջանում նրա վստահության մակարդակը նույնիսկ մինուսում է, և անհայտ է, թե ինչ կլինի հեռանկարում։ Ուստի, այստեղ կարևոր է պայմանավորվել ոչ միայն հենց Թրամփի հետ, այլ ամերիկյան էլիտաների, իսթեբլիշմենթի հետ: Ուստի, ընդհանուր առմամբ, կարծում եմ, այդ հարցերը Ուիթքոֆին և Քուշներին ներկայացվել են: Նրանք էլ հետ են վերադարձել՝ հարթելու այդպիսի հակասություններն ինչպես ամերիյյան էլիտայի ներսում, այնպես էլ Եվրոպայի հետ հարաբերություններում»,- եզրափակել է Alpha News-ի զրուցակիցը: