Սահմանադրություն՝ առանց դրսի թելադրանքի. Վարդևանյանը՝ ԵՄ դեսպաններին

24 Նոյեմբերի 2026, 17:39

Քաղաքականություն

Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Այս մասին տեղեկացնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում ԱԺ փոխխոսնակը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և խոսքի ազատության ոլորտում տիրող իրավիճակը՝ անդրադառնալով ժողովրդավարության ճանապարհին առկա մարտահրավերներին։ Վարդևանյանը բարձրաձայնել է նաև երկրում, իր գնահատմամբ, կիրառվող ընտրովի քրեական հետապնդումների խնդիրն ու դրա վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած զեկույցը՝ մտահոգություն հայտնելով անմեղության կանխավարկածի պահպանման կապակցությամբ։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ ԱԺ փոխնախագահը կարևորել է խաղաղության փաստաթղթի ստորագրումը՝ առանց նախապայմանների։ Այս համատեքստում նա դիվանագետների ուշադրությունն է հրավիրել Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հրատապ խնդրի վրա։

Պատասխանելով դեսպանների հարցերին՝ Արամ Վարդևանյանն անդրադարձել է Հայաստան–ԵՄ ընդլայնվող համագործակցությանը, հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև կառավարության հրապարակած նոր Սահմանադրության նախագծին։ ԱԺ փոխխոսնակը շեշտել է, որ անթույլատրելի է սահմանադրական փոփոխություններ իրականացնել արտաքին միջամտությամբ կամ պարտադրված նախապայմաններով։

Զրույցի ավարտին Վարդևանյանն ընդգծել է հայ ժողովրդի շահերից բխող՝ հավասարակշռված ու դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու հրամայականը։