Նոր Սահմանադրության նախագիծը սպառնում է դատավորների անկախությանը. Դատավորների միություն

24 Նոյեմբերի 2026, 17:29

Քաղաքականություն

Հայաստանի դատավորների միությունը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել նոյեմբերի 23-ին հրապարակված ՀՀ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ՝ ահազանգելով, որ դատական իշխանությանը վերաբերող դրույթներն ուղղակի սպառնալիք են դատավորների անկախության ու անփոփոխելիության համար։ Միության գնահատմամբ՝ նույնիսկ այս նախագծի պաշտոնական շրջանառությունն արդեն իսկ անուղղակի ճնշման պայմաններ է ստեղծում դատավորների նկատմամբ և խաթարում վստահությունը արդարադատության համակարգի հանդեպ։

«Ժամանակավոր» դատավորներ և քաղաքական վերագնահատում

Դատավորների միությունն առանձնացրել է նախագծի երկու առանցքային և խնդրահարույց կարգավորումներ․

Անփոփոխելիության վերացում (հոդված 85). Նախագծով առաջարկվում է բոլոր գործող դատավորներին դարձնել «դատավորի ժամանակավոր պաշտոնակատար»։ Նրանց հետագա պաշտոնավարումը կախված է լինելու 5 տարվա ընթացքում անցկացվելիք վերագնահատման արդյունքներից։ Հատկանշական է, որ վերագնահատման հանձնաժողովի բոլոր անդամներին ընտրելու է Ազգային ժողովը, իսկ հանձնաժողովի եզրակացությունները ենթակա չեն լինելու անմիջական դատական վերանայման։ Միությունը շեշտում է, որ անգամ Սահմանադրական դատարան դիմելու հետագա հնարավորությունը չի կարող չեզոքացնել այս մեխանիզմի հասցրած վնասը։

Դատական ինքնակառավարման սահմանափակում (հոդված 58). Նոր կարգավորմամբ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) բոլոր 10 անդամներին ընտրելու է խորհրդարանը։ Դատավորների ընդհանուր ժողովին մնալու է միայն դատավոր անդամների թեկնածուներ առաջադրելու իրավասությունը։

Բացի բովանդակային առարկություններից, միությունը փաստում է, որ նախագծի մշակմանը որևէ դատավոր չի մասնակցել, և դատական իշխանությունը պատշաճ ներկայացված չի եղել գործընթացում։

Հակասություն եվրոպական չափանիշներին և միջազգային փորձին

Հայտարարության մեջ նշվում է, որ առաջարկվող փոփոխությունները հակասում են իրավունքի գերակայության սկզբունքին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին և Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (CCJE) չափանիշներին, որոնց համաձայն՝ դատական խորհրդի անդամների առնվազն կեսը պետք է ընտրվի հենց դատավորների կողմից, ոչ թե խորհրդարանի։

Որպես հիմնավորում՝ միությունը հիշեցնում է միջազգային փորձը․ Վենետիկի հանձնաժողովը 2015-ին մերժել է գործող դատավորների լիազորությունների համատարած դադարեցումն Ուկրաինայում, CCJE-ն 2010-ին անընդունելի է համարել բոլոր դատավորների վերանշանակումը Սերբիայում, իսկ 2019-ին Հայաստանում Եվրոպայի խորհրդի մասնակցությամբ արձանագրվել է, որ գործող դատավորների համատարած վեթինգը «ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ օգտակար»։

Պահանջ ԲԴԽ-ին և ուղերձ միջազգային կառույցներին

Դատավորների միությունը հորդորում է Բարձրագույն դատական խորհրդին՝ որպես դատարանների անկախության սահմանադրական երաշխավորի, հրապարակայնորեն անթույլատրելի համարել այս դրույթները, պահանջել դրանք հանել շրջանառությունից և կանխել դատավորների նկատմամբ հնարավոր միջամտությունները։ Միևնույն ժամանակ, միությունն ակնկալում է միջազգային և եվրոպական հեղինակավոր կառույցների արձագանքը։

«Դատական իշխանության անկախությունը՝ դատավորների անփոփոխելիության երաշխիքով հանդերձ, ոչ թե դատավորների արտոնությունն է, այլ յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի հիմնարար երաշխիքը»,- եզրափակել է Դատավորների միությունը՝ ընդգծելով, որ սա դեռևս նախնական արձագանք է։