Իրավապաշտպան կազմակերպություններն ու գերմանահայերը կոչ են արել կանցլեր Մերցին չանտեսել խնդրահարույց հարցերը Փաշինյանի հետ հանդիպմանը

09 Դեկտեմբերի 2025, 11:45

Քաղաքականություն

Մարդու իրավունքների մի շարք կազմակերպություններ և Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը համատեղ դիմել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլերին՝ կոչ անելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում անուշադրության չմատնվեն իրենց հայտարարությունում շեշտադրվող հիմնարար խնդիրները։ Ստորև ներկայացվում է կազմակերպությունների համատեղ հայտարարության ամբողջական տեքստը.

«Բեռլին – Գյոթինգեն – Ֆրանկֆուրտ
2025 թ․ դեկտեմբերի 8

Պարոն դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերց,
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված Ձեր հանդիպման կապակցությամբ ցանկանում ենք ևս մեկ անգամ բարձրաձայնել մեր խոր մտահոգությունն ու ակնկալիքը, որ մարդու իրավունքների և տարածաշրջանի հումանիտար իրավիճակի ամենախնդրահարույց հարցերը չմնան երկրորդական պլանում, այլ ստանան հավասար կարևորություն քաղաքական և տնտեսական օրակարգի մյուս հարցերի կողքին։ Այդ համատեքստում շեշտում ենք նաև մեր համատեղ հայտարարությունը՝ հրապարակված 2025 թ․ օգոստոսի 21-ին մարդու իրավունքների վեց կազմակերպությունների կողմից։

Այդ հայտարարությամբ մենք դիմել էինք Գերմանիայի արտաքին գործերի նախարարին՝ ընդգծելով արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Խաղաղ գործընթացի համար առանցքային նշանակություն ունի Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատումը, ինչպես նաև Արցախի նախկին իշխանական ներկայացուցիչների ազատ արձակումը։ Այս քայլը շարունակում է մնալ անհրաժեշտ նախապայման վստահելի և կենսունակ խաղաղության գործընթաց սկսելու համար։

Միաժամանակ կենսական է ապահովել, որ հայ կալանավորվածների պահման պայմանները համապատասխանը միջազգային չափանիշներին և կոնվենցիոն պարտավորություններին։ Հատկապես մտահոգիչ է Վիկեն Էուլեկյանի դեպքը, ով հայրենիք վերադարձի ընթացքից հետո տեղափոխվել է Բաքվի բանտ՝ ծանր առողջական վիճակում։ Ընտանիքի փոխանցմամբ՝ Ադրբեջանը ամիսներ շարունակ նրան մերժել է անհրաժեշտ բուժօգնությունը, ինչի հետևանքով նրա կյանքը լուրջ վտանգված է։

Լրջագույն մտահոգություն է հարուցում այն փաստը, որ հայկական իշխանությունները բավարար ուժգնությամբ և հետևողականությամբ չեն պաշտպանում Ադրբեջանում պահվող հայերի իրավունքները և չեն պաշտպանում բռնի տեղահանվածների հիմնարար իրավական, սոցիալական և քաղաքական շահերը՝ չնայած նրանց հանդեպ գործված զանգվածային խախտումներին։

Մտահոգիչ զարգացումներ Հայաստանում
Վարչապետ Փաշինյանի այցի կապակցությամբ կարևոր ենք համարում անդրադառնալ նաև հենց Հայաստանում դիտվող վտանգավոր զարգացումներին, որոնք ավելի են խորացնում երկրի ներքին լարվածությունը։
Դրանց թվում՝
• խոսքի ազատության սահմանափակումը,
• քաղաքական դրդապատճառներով քննադատների և այլընտրանքային կարծիք ունեցողների հետապնդումը,
• արդեն չորս թեմակալ առաջնորդների կալանավորումը, ինչով կալանքի տակ է հայտնվել Հայաստանում ծառայող եպիսկոպոսների շուրջ մեկ երրորդը։

Այս քայլերը լուրջ կասկացներ են առաջացնում՝
իրավական պետության սկզբունքների,
կրոնական ազատությունների պաշտպանության,
և քաղաքացիական իրավունքների ապահովման առումով։
Չնայած Հայ առաքելական եկեղեցու սահմանադրական առանձնահատուկ կարգավիճակին՝ կառավարության գործողությունները տպավորություն են թողնում, որ իշխանությունները փորձում են եկեղեցին ենթարկել պետական կառավարման ու վերահսկողության։ Եվրոպայի խորհրդի նման կառույցներն արդեն բազմիցս արձանագրել են Հայաստանում քաղաքական հետապնդումների վտանգը և քննադատել «քաղբանտարկյալների» գոյության փաստը։

Մտահոգություններ Գերմանիայի հայ համայնքի վերաբերյալ
Չափազանց մտահոգիչ է, որ Գերմանիայում բնակվող հայերը, ովքեր հրապարակայնորեն քննադատում են Հայաստանի իրավական սահմանափակումները, աստիճանաբար ավելի են վախենում, որ կարող են զրկվել Հայաստան մեկնելու իրավունքից։ Սա մտահոգիչ է ոչ միայն իրավական, այլև մարդասիրական տեսանկյունից։

Խորին շնորհակալությամբ և հարգանքով,

Սառա Ռայնկե
Gesellschaft für bedrohte Völker (GfbV)

Դոկտոր Թեսսա Հոֆման
Arbeitsgruppe Anerkennung – Gegen Genozid, für Völkerverständigung (AGA)

Ջոնաթան Սպանհենգեր
Zentralrat der Armenier in Deutschland (ZAD)

Հայր Փիթեր Ֆուքս
Christian Solidarity International (CSI Deutschland)»:

Հիմա եթերում