Կրասնոդարի ղեկավարը շնորհավորել է վետերան Հայկազ Հովսեփյանին 102-ամյակի առթիվ
10 Դեկտեմբերի 2025, 10:55
Կրասնոդարի ղեկավար Եվգենի Նաումովը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Հայկազ Առաքելի Հովսեփյանին 102‑ամյակի կապակցությամբ:
Հայկազ Հովսեփյանը ռազմաճակատ է մեկնել պատերազմի առաջին տարում, մասնակցել է Հյուսիսային Կովկասի մարտերին, Ստալինգրադի ճակատամարտին, կռվել է Ուկրաինայում, Ռումինիայում և Հունգարիայում, իսկ Հաղթանակի օրը դիմավորել է Ավստրիայում: Պատերազմից հետո նա իր կյանքը նվիրել է մանկավարժությանը՝ աշխատելով որպես ուսուցիչ:
2022 թվականին վետերանը տեղափոխվել է Կրասնոդար, իսկ Մեծ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ ստացել է քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։
«Մենք հպարտանում ենք մեր հերոսների սխրանքներով։ Հոբելյարին մաղթում եմ առողջություն և ընտանեկան ջերմություն: Շնորհակալություն հայրենասիրության, քաջության և մեր խաղաղ երկնքի համար»,- նշել է Նաումովը։