ՌԴ ԿԳՆ-ն շնորհակալություն է հայտնել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմին

17 Դեկտեմբերի 2025, 14:50

Կրթություն

Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը պաշտոնական շնորհակալություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմին՝ 2025 թ. Միջազգային միջկրոնական երիտասարդական համաժողովի կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին ուղղված շնորհակալական նամակում ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին ընդգծել է, որ թեմի ներկայացուցիչների մասնակցությունը թույլ է տվել «քննարկումները բարձրացնել խորության սկզբունքորեն նոր մակարդակի՝ համադրելով դարավոր հոգևոր ավանդույթներն արդի մարտահրավերների հետ»: 

Նա նաև հատուկ նշել է, որ ավանդական դավանանքների, պետության և հասարակության ներկայացուցիչների փոխգործակցությունը կարևոր պայման է ավանդական հոգևոր-բարոյական արժեքներ կրող երիտասարդության հաջող դաստիարակության համար:

«Վստահ ենք, որ նման հաջող արդյունքը հնարավոր է դարձել Ձեր անկեղծ շահագրգռվածության շնորհիվ: Շնորհակալություն ենք հայտնում ընդհանուր գործում ներդրած ավանդի համար և հույս հայտնում, որ այս արդյունավետ գործընկերությունը ամուր հիմք կդառնա ապագա համատեղ ծրագրերի համար»,- ասված է նամակում: