Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարությունն աղավաղում է իրականությունը․ Զախարովա
07 Նոյեմբերի 2026, 23:17
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Ռուսաստանը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը՝ Ղարաբաղյան հակամարտության սրման փուլում։
«ՌԻԱ Նովոստի»-ին մեկնաբանություն տալով՝ Զախարովան նշել է, որ Հայաստանի ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը Մոսկվա ժամանելուց առաջ որոշել է հայտարարել, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման փուլում։
Ալեն Սիմոնյանը հայտարարել էր․ «Ես բառացիորեն ընկնում էի ռուսների ոտքերը և ասում․ «Մենք ձեր եղբայրներն ենք, ձեր դաշնակիցները, կանգնեցրեք այս պատերազմը։ Այդ ժամանակահատվածում Ռուսաստանը որևէ գործուն քայլ չէր ձեռնարկում, մինչդեռ մեր տղաները զոհվում էին Լեռնային Ղարաբաղում»։
«Չգիտենք՝ ում ոտքերն էր նա այն ժամանակ ընկնում, գուցե մինչ օրս էլ շարունակում է դա անել»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ հենց Ռուսաստանն է, և ոչ թե որևէ այլ կողմ, կանգնեցրել արյունահեղությունը տարածաշրջանում։
Զախարովան նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությամբ հայտարարվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին։
«Սրանք ոչ թե վերացական քայլեր էին, այլ կոնկրետ գործուն միջոցառումներ, որոնց նախորդել էին բազմաթիվ շփումներ ամենաբարձր մակարդակով։ Արդյունքում տարածաշրջանում տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորակազմը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։