ԱՄՆ-ն դադարեցնում է «Գրին քարտ»-ի խաղարկությունը
19 Դեկտեմբերի 2025, 15:00
ԱՄՆ իշխանությունները կասեցնում են «Գրին քարտ»-ի խաղարկությունն այն պատճառով, որ Բրաունի համալսարանում տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվողը երկիր է ժամանել հենց այդ ծրագրով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարականով ես անմիջապես հրահանգում եմ USCIS-ին (ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություն) կասեցնել DV1 ծրագրերն՝ ապահովելու համար, որ ամերիկացիներն այլևս չտուժեն այս վնասակար ծրագրի պատճառով»,- գրել է Նոեմը X սոցիալական ցանցում:
Նախարարի խոսքով՝ Բրաունի համալսարանում հրաձգություն իրականացրած Կլաուդիո Նևիս Վալենտինը ԱՄՆ է ժամանել 2017 թվականին՝ այս ծրագրով ստանալով «Գրին քարտ»:
Հիշեցնենք, որ Բրաունի համալսարանում կրակոցները տեղի են ունեցել դեկտեմբերի 13-ին, որի հետևանքով երկու մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել։ Կասկածյալի մարմինը հայտնաբերվել է դեկտեմբերի 18-ին Նյու Հեմփշիրում։