Լուսավորիչ, գիտնական, ազգագրագետ․ Ստեփան Լիսիցյանի կյանքի ուղին

04 Հոկտեմբերի 2026, 22:00

Հայեր

Ստեփան Լիսիցյանը ծնվել է 1865 թվականի հոկտեմբերի 4-ին Թիֆլիսում։ Ստանալով փայլուն կրթություն՝ 1889 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը, պաշտպանել ատենախոսություն և ստացել գիտությունների թեկնածուի աստիճան։ Դեռ երիտասարդ տարիներից նա դրսևորել է իրեն որպես տաղանդավոր մանկավարժ․ դասավանդել է ռուս գրականություն Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև՝ պատմական առարկաներ Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանում։

19-րդ դարի վերջին Լիսիցյանը ակտիվորեն զբաղվել է հրատարակչական գործունեությամբ։ Հովհաննես Թումանյանի և Լևոն Շանթի հետ համատեղ նա կազմել է հայոց լեզվի «Լուսաբեր» դասագիրքը, որը դարձել է հայկական դպրոցների հիմնական ուսումնական ձեռնարկներից մեկը և տարբեր երկրներում օգտագործվել մինչև 1960-ական թվականները։ Նա նաև հրատարակել է «Աղբյուր», «Տարազ» ամսագրերը և Արևելյան Հայաստանում առաջին մանկական «Հասկեր» հանդեսը՝ հրապարակելով հայ առաջատար գրողների և նկարիչների ստեղծագործությունները։

1898 թվականին կնոջ՝ Կատարինե Լիսիցյանի (Ախաշյան) հետ նա Թիֆլիսում հիմնադրել է հայկական տարրական դպրոց, որը հետագայում վերածվել է գիմնազիայի։ Մանկավարժական գործունեությունը Լիսիցյանը համատեղել է գիտական հետազոտությունների հետ։ Նա ուսումնասիրել է Հայաստանի ազգագրությունը, աշխարհագրությունը և բանահյուսությունը, հրատարակել աշխատություններ ժողովրդական խաղերի, բնակելի տների, առասպելների և ավանդությունների վերաբերյալ։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ 1924 թվականին, նա տեղափոխվել է Երևան, որտեղ սկսվել է նրա գործունեության նոր փուլը։ Երևանի պետական համալսարանում Լիսիցյանը դասավանդել է Հայաստանի և Անդրկովկասի ֆիզիկական ու պատմական աշխարհագրություն, ազգագրություն, ղեկավարել է ամբիոնը և աշխատել ասպիրանտների հետ։

1928 թվականից մինչև կյանքի վերջը նա ղեկավարել է Հայաստանի Պետական պատմական թանգարանի ազգագրության բաժինը, որն այսօր կրում է նրա անունը։ 1935–1947 թվականներին եղել է Հայկական աշխարհագրական ընկերության վարչության անդամ և փոխնախագահ՝ փաստացի դառնալով ընկերության հիմնադիրներից և առաջին ղեկավարներից մեկը։

Լիսիցյանի գիտական ժառանգությունն ընդգրկում է հիմնարար աշխատություններ՝ «ՀԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, դեմոգրաֆիայով», «Ազգագրական հարցարան», «Նախահեղափոխական Հայաստանի ազգագրության ուրվագծեր», ինչպես նաև Զանգեզուրի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ազգագրական ուսումնասիրություններ։ Նրա աշխատություններն առանձնանում էին հանրագիտարանային ընդգրկումով և խորությամբ՝ մեկ անձի մեջ համադրելով պատմաբանի, ազգագրագետի, աշխարհագրագետի, բանասերի և հրապարակախոսի գիտելիքներն ու կարողությունները։

Ստեփան Լիսիցյանը մահացել է 1947 թվականի հունվարի 4-ին Երևանում։ 1945 թվականին նրան շնորհվել է Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։ Նա աշխարհագրական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր։

Նրա անունը հավերժորեն կապված է հայկական գիտության, կրթության և մշակույթի զարգացման հետ, իսկ նրա գործունեությունը դարձել է ազգային ժառանգության կարևոր մասը։

Հիմա եթերում