Ֆրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների հետևանքով հարյուրավոր լիցեյներ տուժել են․ ձերբակալվել է ավելի քան 5 հազար մարդ

04 Հոկտեմբերի 2026, 21:20

Հասարակություն

Ֆրանսիայում սեպտեմբերի 17-ին սկսված աշակերտական բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների և բախումների։ Կրթության նախարար Էդուար Ժեֆրեի տվյալներով՝ հրկիզումների և վանդալիզմի հետևանքով 24 լիցեյ ավերվել կամ վնասվել է, իսկ ևս շուրջ 400–500 ուսումնական հաստատություններ անվտանգության նկատառումներով դադարեցրել են աշխատանքը։ Տուժել է կրթության ոլորտի 78 աշխատակից, իսկ բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվածների թիվը գերազանցել է 5 հազարը։ Միայն ուրբաթ օրը ձերբակալվել է ավելի քան 1700 մարդ։

Աշակերտները պահանջում են ավելացնել դպրոցների ֆինանսավորումը, լուծել ուսուցիչների պակասի խնդիրը, վերանորոգել դպրոցական շենքերը և վերանայել բուհեր ընդունվելու Parcoursup համակարգը։

Կրթության նախարարության հետ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել․ արհմիությունները հայտարարել են, որ «կոնկրետ միջոցներ» չեն առաջարկվել, և կոչ են արել երեքշաբթի շարունակել բողոքի ակցիաները՝ խոշոր արհմիությունների՝ CGT-ի և Solidaires-ի աջակցությամբ։

Իշխանությունները բռնության հրահրման մեջ մեղադրում են ծայրահեղ ձախ խմբավորումներին և կոչ են անում տարբերակել խաղաղ բողոքի իրավունքն ու վանդալիզմը։

Հիմա եթերում