Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակեն
19 Դեկտեմբերի 2025, 18:42
Լեմկինի ինստիտուտը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով հասնել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ պատանդների անհապաղ ազատ արձակմանը։ Կազմակերպության տվյալներով՝ շուրջ 80 հայեր՝ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, շարունակում են մնալ գերության մեջ՝ միջազգային իրավունքի խախտմամբ։ Նրանց թվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Պատանդները ենթարկվում են նվաստացումների, խոշտանգումների և ցուցադրական «դատավարությունների», իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ստիպված է եղել հեռանալ Ադրբեջանից՝ նրանց թողնելով առանց միջազգային պաշտպանության։ Եվրախորհրդարանն արդեն դատապարտել է Բաքվի գործողությունները, սակայն դա իրական հետևանքներ չի ունեցել։
Նամակի հեղինակներն ընդգծում են, որ գերիների ազատ արձակումը կլիներ ԱՄՆ-ի հումանիտար և աշխարհաքաղաքական հաղթանակը, ցույց կտար ամերիկյան միջնորդության իրական ուժը և կհաստատեր հայ քրիստոնյաներին պաշտպանելու Դոնալդ Թրամփի խոստումը։ Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին, և Լեմկինի ինստիտուտի կոչը հստակ է՝ վերադարձնել պատանդներին իրենց ընտանիքներ մինչ այդ օրը։