Հայաստանին անհրաժեշտ է անսասան և հմուտ ղեկավար. «Ժողովուրդն է խոսում»
20 Դեկտեմբերի 2025, 11:00
«Ժողովուրդն է խոսում». Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների շուրջ։
Հարցախույզի ընթացքում քաղաքացիները մեկնաբանել են Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցման հարցը։
«Չէի ցանկանա, որ Հայաստանն ինչ-որ չափով վերածվեր Բաթումիի նման մի բանի։ Պատմականորեն դարեր շարունակ այնպես է դասավորվել, որ թուրքերի հետ դժվար կարողանանք բնականոն բարեկամական հարաբերություններ հաստատել»,- նշել է հարցախույզի մասնակիցներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում ժամանակ է պետք․ ինչպես ժամանակին Գերմանիան ներողություն խնդրեց հրեաներից։ Սակայն այս պահին, նրա խոսքով, անհնար կլինի թուրքերի հետ նման հարաբերությունների հասնելը։
«Ես հայ եմ, սիրում եմ իմ ազգությունն ու իմ ժողովրդին։ Արմատներով Աբխազիայից եմ, նախնիներս գաղթել են Թուրքիայից, և այդ ամենն անդրադարձել է իմ ընտանիքի վրա։ Ուզում եմ ասել՝ պետք չէ մեկուսանալ մյուսներից, պետք է փոխգործակցել, խաղաղության կամուրջներ կառուցել, բայց միևնույն ժամանակ միշտ ունենալ սեփական ուժը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք մեզ ապահովել և պաշտպանել»,- ասել է հարցախույզի մասնակիցը։
Մեկնաբանելով Հայաստանի Հանրապետության անվտանգային իրավիճակը՝ քաղաքացիները մտահոգություն են հայտնել և նշել, որ երկիրը պետք է ի վիճակի լինի պաշտպանելու իր սահմանները։
«Հայաստանում այժմ անվտանգային սարսափելի իրավիճակ է տիրում։ Արցախում կրած պարտությունը ցույց տվեց, որ ներկայիս իշխանությունների հետ մենք ոչինչ չենք կարող անել. անհրաժեշտ է փոխել իշխանությունը։ Պատերազմի ժամանակ ողջ Սփյուռքը համախմբվել էր և պատրաստ էր ցանկացած աջակցություն ցուցաբերել, ներդնել բոլոր ռեսուրսները։ Բայց մենք տեսանք այս թուրքամետ իշխանությունների գործողությունները, որոնց հետ հնարավոր չէ որևէ լավ բանի հասնել»,- ընդգծել է Alpha News-ի հարցախույզի մասնակիցը։
Պատասխանելով հարցին, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի հաջորդ առաջնորդը, քաղաքացիները շեշտել են, որ նա պետք է լինի հայամետ և պաշտպանի Հայաստանի շահերը․ «Միայն հայամետ, հայկական գաղափարներով։ Կարծում եմ՝ ողջ պատմության ընթացքում հենց դա է մեզ միավորել։ Ապագա առաջնորդը պետք է լինի լիովին հայամետ, որպեսզի պաշտպանի բացառապես Հայաստանի շահերը»։
Քաղաքացիների խոսքով՝ Հայաստանի ապագա ղեկավարը պետք է նաև լինի անսասան և հմուտ։
«Հայաստանի ապագա ղեկավարը պետք է օժտված լինի ներքին ուժով, լինի անսասան և քաղաքականապես հմուտ։ Նա պետք է լինի արժանապատիվ քաղաքական գործիչ՝ փորձով և անձնական պատմությամբ, ով արդեն դրսևորել է իրեն և ապացուցել իր ուժը»,- հավելել է հարցախույզի մասնակիցներից մեկը։
Հարցածները նշել են՝ պետության ղեկավարը պետք է լինի հայրենասեր և հավատարիմ մեր հավատքին։
«Առաջին հերթին, նա պետք է լինի հայրենասեր, հավատարիմ մեր հավատքին, գրագետ, կրթված, օրինակ՝ ինչպես Սամվել Կարապետյանը կամ Նարեկ Կարապետյանը։ Մենք ամեն կերպ աջակցում ենք «Մեր ձևով» շարժմանը։ Սամվել Կարապետյանը ցույց տվեց, որ կարելի է շատ բանի հասնել՝ չունենալով վարչական ռեսուրս»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Քաղաքացիները նշել են նաև, որ ՀԱԵ-ն միշտ եղել է անկախ և պետք է զարգանա ինքնուրույն՝ առանց քաղաքական միջամտության։
«Ես խստորեն դատապարտում եմ Հայաստանում կատարվողը։ Ներկայիս իշխանությունները հուդաներ են, պետության թշնամիներ։ Փաշինյանը եկեղեցու դեմ արշավը սկսեց հենց այն բանից հետո, երբ ադրբեջանցի Փաշազադեն հայտարարեց, թե միակ ուժը, որ մեզ մնացել է, եկեղեցին է։ Այն ավելի քան 1700 տարի պաշտպանում է մեր լեզուն, մեր հավատքն ու մեր ժողովրդին։ Եկեղեցու շնորհիվ այսօր մենք պետություն ունենք։ Հենց այդ պատճառով են ուզում հարվածել եկեղեցուն. եթե չկարողացան դրսից, ապա փորձում են ներսից»,- շեշտել է քաղաքացին։
Հարցվածների խոսքով՝ եկեղեցին բարոյական կողմնորոշիչ է, որը պետք է ուղղորդի մարդկանց։
«Եկեղեցին չպետք է կախված լինի պետությունից։ Այն ապրում է իր կյանքով, պետությունն՝ իր։ Եկեղեցին բարոյական ինստիտուտ է, որն ուղղորդում է մարդկանց, բայց յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր կողմնորոշիչը։ Քաղաքականության և եկեղեցու հատումը դուրս է սահմաններից։ Եկեղեցին պետք է մնա եկեղեցի, դա մեզանից յուրաքանչյուրի ներսում է»,- եզրափակել է հարցախույզի մասնակիցներից մեկը։