Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի խաղաղություն. Թուրքիայի փոխնախագահ
23 Դեկտեմբերի 2025, 12:30
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Report-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն արագ տեմպերով առաջ են շարժվում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, ինչը հնարավորություն է բացում լայնածավալ տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացման համար։
Նրա խոսքով՝
• համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը,
• ձեռք են բերվել պայմանավորվածություններ տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական ուղիների բացման վերաբերյալ,
• Ադրբեջանը հանել է տարանցման սահմանափակումները և իրականացրել է նավթամթերքների առաջին արտահանումը Հայաստան:
Ըստ նրա՝այս քայլերը դրական ազդեցություն են ունենում թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման վրա։
Յըլմազը հավելել է նաև, որ Հարավային Կովկասում աստիճանաբար նվազում են բախումները և այն վերածվում է համագործակցության, կայունության և տնտեսական զարգացման տարածաշրջանի, իսկ Թուրքիան պատրաստ է դիվանագիտական և քաղաքական աջակցություն ցուցաբերել այս գործընթացին։