«Յունիստրիմ» համակարգի հետ կապված անորոշությունը որոշակի կայունացել է. Արմեն Նուրբեկյան
01 Օգոստոսի 2023, 18:05
«Յունիստրիմ» համակարգի հետ կապված անորոշությունը սկզբում շատ մեծ էր, սակայն այս պահի դրությամբ իրավիճակը որոշակի կայունացել է։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:
«ՀՀ-ում կան ոչ փոքր քանակի բանկեր, որոնք աշխատում են «Յունիստրիմ» համակարգի հետռուբլով և հայկական դրամով՝ ոչ արտարժույթով։ Այսինքն այդ տեսանկյունից, մեր քաղաքացիները շարունակում են ծառայություններ ստանալ, քանի որ «Յունիստրիմը» եղել է էական կշիռ ունեցող համակարգ, որով մեր քաղաքացիները ՌԴ–ից կարողացել են փոխանցումներ անել»,- նշեց Նուրբեկյանը։
Հարցին՝ ՌԴ-ի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների ֆոնին բանկային համակարգում այլ սահմանափակումներ առաջիկայում հնարավո՞ր են, թե ոչ, ԿԲ նախագահի տեղակալը պատասխանել է.
«Ամեն ինչ էլ հնարավոր է: Դրա համար մեր վճարահաշվարկային համակարգերը փորձում ենք այնպես նախագծել, որպեսզի մեր քաղաքացիները շարունակեն ծառայությունները ստանալ։ Մինչև այս պահը դա մեզ հաջողվել է, քանի որ մեր քաղաքացիները դեռ խաթարումների չեն հանգել»,- վստահեցրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայկական բանկերը դադարեցնում են աշխատանքը ռուսական «Յունիստրիմ» համակարգի հետ: Բանկերի ցանկում են «Հայէկոնոմբանկ»-ը, «Արդշինբանկ»-ը, «Կոնվերս Բանկ»-ը և «Էվոկաբանկ»-ը: Նրանք իրենց հաճախորդներին առաջարկել են օգտվել այլընտրանքային փոխանցման համակարգերից։