Հայաստանի և Ռուսաստանի միջև խնդիրներն առաջանում են բացառապես Փաշինյանի մեղքով. Սեմյոն Բաղդասարով

26 Դեկտեմբերի 2025, 21:45

Կարծիք | Քաղաքականություն

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ իշխանությունների հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, հայ-ռուսական հարաբերությունները՝ Փաշինյանի հակառուսական հայտարարությունների ֆոնին, ինչպես նաև 2026 թվականին Իրանի և Իսրայելի միջև նոր պատերազմի հավանականությունը։

«Ցավոք, պատմական որոշակի ժամանակաշրջաններում հայկական էլիտան, ազնվականությունը, մեծ իշխանները՝ «նախարարները», շարունակաբար ոչնչացվել են արաբների, թյուրքերի և այլոց կողմից։ Ինչո՞ւ։ Որպեսզի թշնամուն դիմադրություն չլինի։ Իսկ Եկեղեցին մի շարք պատճառներով պահպանվեց և միշտ մարմնավորել է հայ ժողովուրդն ու հայկական ինքնությունը։ Ուստի, Հայ Եկեղեցու ոչնչացումը նշանակում է ամեն ինչի վերջ։ Հայկական ինքնությունը կխաթարվի, և Սփյուռքի հետ կապը կքանդվի, որովհետև հենվելու տեղ չի լինի։ Բացի այդ, վտանգված են համաքրիստոնեական բարձրագույն արժեքները, որոնց կրողն է Հայ Եկեղեցին։ Այդ ամենը կթալանվի. ահա թե ինչի մասին է խոսքը»,- ասել է Բաղդասարովը։

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ծագած խնդիրներն ամբողջությամբ Փաշինյանի մեղքով են։ «Մենք բոլորս քաջ գիտենք՝ նա ռուսատյաց է։ Վարչապետ դառնալուն պես նա անմիջապես սկսեց հակառուսական քաղաքականություն վարել։ Եթե դու մտահոգված ես քո երկրի անվտանգությամբ, և երկու կողմից ունես քեզ կուլ տալու պատրաստ թշնամի, դու պետք է հարաբերություններ հաստատես այն երկրի հետ, որը երաշխավորում է քո անվտանգությունը։ Բայց դրա փոխարեն նա ամեն ինչ արեց այդ հարաբերությունները փչացնելու համար»,- նշել է փորձագետը։

Ըստ Բաղդասարովի՝ յուրաքանչյուր հայ գիտի, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի պատմական թշնամին է։ «Եվ հանկարծ պարզվում է, որ սեփական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար պետք է գնալ այդ տանդեմի երախը։ Պատկերացնո՞ւմ եք՝ գառնուկն ասում է առյուծին՝ «լսի՛ր, դու ինձ կե՛ր, դա կլինի իմ անվտանգության ամենահուսալի երաշխիքը»։ Սա այնքան ցինիկ հիմարություն է և լիակատար սուտ»,-նշել է Բաղդասարովը։