«Փարվանա»․ AUDIOBOOK
31 Դեկտեմբերի 2025, 11:00
Alpha News-ի բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադը։ Բալլադը գրվել է 1902 թվականին, Աբասթումանում, ստեղծագործության հիմքը ժողովրդական է։
Սյուժեն Թումանյանը լսել է Ներսիսյան դպրոցում, իր ընկեր, հետագայում` մանկավարժ և լեզվաբան Գրիգոր Վանցյանից։ Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադը բնության ու սիրո գեղեցկության խորհրդանիշն է։ Այն պատմում է մի փոքրիկ փարվանայի (թիթեռի) մասին, որը ձգտում է լույսին՝ չնայած իր կործանման վտանգին։ «Փարվանայի» հիմնական միտքը սիրո, ձգտման ու ինքնազոհաբերության գաղափարն է։
Բանաստեղծությունը ներկայացնում է, թե ինչպես է փարվանան առանց վախի գնում դեպի լույսը, նույնիսկ եթե դա նշանակում է այրվել ու կործանվել։ Սա կարող է ընկալվել որպես սիրո, իդեալների ու նպատակների համար ինքնազոհողության գեղեցիկ պատկեր։
Այս թեման Թումանյանի մոտ հաճախ է հանդիպում՝ ցույց տալով, որ իսկական սերը կամ ձգտումը չի ճանաչում սահմաններ, վտանգ կամ վախ։