Ղրիմում հայկական մշակույթի օրեր են անցկացվել

04 Օգոստոսի 2023, 00:10

Մշակույթ

Ղրիմում անցկացվել են Հայկական մշակույթի օրեր: Տեղացիները ծանոթացել են հայ ժողովրդի հնագույն պատմությանը, հարուստ մշակույթին և ավանդույթներին:

armenianchurch.ru-ի փոխանցմամբ՝ Թեոդոսիա քաղաքի վարչակազմի, մշակույթի նախարարության և Թեոդոսիայի հայ համայնքի կազմակերպած միջոցառումներին մասնակցել են Ռուսաստանի տարբեր քաղաքների ներկայացուցիչներ:

Զապորոժյեն և Խերսոնի մարզը ներկայացնում էին հայկական համայնքների անդամները, մշակույթի նախարարության աշխատակիցներ ։

Սուրբ Սարգիս եկեղեցում, որի տարածքում գտնվում է Այվազովսկու գերեզմանը, վանահայր Տ. Տարոն վարդապետ Գուլիկյանի հանդիսապետությամբ մատուցվել է պատարագ:

Միջոցառման պատվավոր հյուրերին առաջարկվել է Այվազովսկու և նրա ժառանգության հետ ծանոթության ընդարձակ ծրագիր:

Սուրբ Խաչ վանական համալիրում կայացել է Հայ արվեստի միջտարածաշրջանային փառատոնը:
Ղրիմի Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցու տարածքում տեղի է ունեցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ծաղիկների խոնարհում:

Նույն օրը մասնակիցները ծաղիկներ են դրել Սիմֆերոպոլի կենտրոնում գտնվող Այվազովսկի եղբայրների հուշարձանին: Այնուհետև տեղի է ունեցել հայ գրողների, հեղինակների և կազմողների գրքերի շնորհանդեսը, որոնք հրատարակվել են «Ի. Գասպրինսկովի անվան Մեդիակենտրոն»-ի կողմից:

Եվպատորիայի Սուրբ Նիկողայոս եկեղեցում հյուրերին դիմավորել է Տեր Ներսես քահանա Խանանյանը, որը խոսել է տաճարի պատմության և ներկա վիճակի մասին: Հյուրերը մասնակցել են Ճարտարապետ Պողոս Սեֆերովի 150-ամյակին նվիրված համաժողովին, այցելել հին քաղաքային գերեզմանատան հայկական հատված և ծաղիկներ խոնարհել անվանի ճարտարապետի շիրիմին, ում նախագծերով քաղաքում կառուցվել են ամենանշանավոր շենքերը՝ գրադարանը, թատրոնը և քաղաքային ղեկավարի տունը:

Հիմա եթերում