ՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ գլխավոր քարտուղար

28 Նոյեմբերի 2026, 10:50

Քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի հեռացման  հարց չի քննարկում։ Այս մասին ՏԱՍՍ-ին և «Եվրազիմուտ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ նշելով, որ հանրապետությունը շարունակում է պահպանել անվտանգության երաշխիքները։

«Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու որոշումը հարկադրված միջոց է՝ պայմանավորված ֆինանսական կարգապահության պահանջներով։ Երևանը 2024 թվականից դադարեցրել է անդամավճարների փոխանցումը, իսկ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսվում է, որ երկու տարին գերազանցող պարտքը հանգեցնում է ձայնի իրավունքի և քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքի սահմանափակմանը։

Միևնույն ժամանակ, Հայաստանը ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում, և երկիրը շարունակում է պահպանել հավաքական անվտանգության երաշխիքները»,- նշել է նա։

Ավելի վաղ ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները Մոսկվայում կայացած գագաթնաժողովում որոշում էին կայացրել զրկել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից, ինչպես նաև պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին առաջադրելու հնարավորությունից։