ՌԴ-ն կորցնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում «Թրամփի երթուղու» պատճառով․ ուկրաինական հետախուզություն
27 Հունվարի 2026, 11:47
Հարավային Կովկասում հաղորդակցություններ կառուցելու ԱՄՆ նախագահի նախաձեռնության պատճառով Ռուսաստանը կորցնում է դիրքերը տարածաշրջանում։ Այս մասին ասվում է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ)՝ հունվարի 26-ի դիտարկումներում։
«Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին (TRIPP) վերջնականապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դիրքից։ Հայ-ամերիկյան համատեղ կառավարման ընկերությունն առնվազն 49 տարի կապահովի նախագծի իրականացումն ու հաղորդակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- նշվում է հաղորդագրությունում։
Ըստ ծառայության՝ մինչև վերջերս Մոսկվան իրեն ներկայացնում էր որպես տարածաշրջանի գլխավոր միջնորդ։
TRIPP նախագիծը նախատեսում է նավթագազային խողովակաշարերի, օպտիկամանրաթելային ցանցերի անցկացում, ինչպես նաև երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքների կառուցում Իրանի հետ սահմանակից երկաթուղային հատվածի երկայնքով։
«Շահառուների տրամաբանությամբ՝ այդ միջանցքը կձևավորի Տրանսկասպյան երթուղու «կարևոր օղակը», որն անցնում է Չինաստանի, Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջան, Վրաստանի, այնուհետև՝ Թուրքիայի և եվրոպական երկրների միջով», — նշվում է զեկույցում։
Ուկրաինական հետախուզությունը ուշադրություն է հրավիրում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարության վրա, որ Ռուսաստանի մասնակցությունն այս նախագծին չի քննարկվել։ Բացի այդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել «Ռուսական երկաթուղիներին», որոնք ներկայումս Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարիչն են, որոշում ընդունել Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններին տանող քանդված երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ։
«Հակառակ դեպքում, դա կիրականացվի Հայաստանի միջոցներով և կավելացնի տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության նպատակահարմարության հարցը»,- հավելել է ծառայությունը։
Օգոստոսին Թուրքիայում դրվել է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գծի հիմնաքարը, որը կմիացնի Թուրքիան Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։