Իրան-ԱՄՆ լարվածություն․ հոգեբանական պատերազմ, թե՞ բանակցային փուլ. վերլուծում է Սերգեյ Մելքոնյանը
04 Փետրվարի 2026, 23:30
«Իրանի և ԱՄՆ-ի շուրջ հնչող հակասական հայտարարությունները պետք է դիտարկել հոգեբանական պատերազմի համատեքստում, իսկ վերլուծությունները կառուցել բացառապես փաստերի հիման վրա: Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է «APRI Armenia»-ի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը:
Նրա խոսքով՝վերջին շրջանում առկա են մի քանի էական փոփոխություններ։
«Առաջին փոփոխությունը վերաբերում է նրան, որ ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ ուղիղ, դեմ առ դեմ բանակցությունների։ Երկրորդը՝ Իրանը պատրաստ է ֆիզիկապես հանդիպել ամերիկյան գործընկերների հետ։ Երրորդ փոփոխությունն այն է, որ ԱՄՆ-ը գործընթացում ներգրավվել է իր հիմնական բանակցողներին»,- ընդգծել է քաղաքագետը։
Մելքոնյանը հիշեցրել է, որ Սթիվ Ուիդկոֆը կապի մեջ է եղել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ նույնիսկ Իրանում ներքին լարվածության օրերին, ինչը նշանակում է, որ դիվանագիտական շփումը փաստացի պահպանվել է։ Քաղաքագետը կարևորել է նաև այն հանգամանքը, որ վերջին լարված միջադեպերը չեն վերաճել էսկալացիայի։
«Վերջին ինդիկատորը ցույց տվեց, որ լարվածությունը չբերեց որևէ էսկալացիայի, իսկ դրանից հետո հայտարարվեց Օմանում հանդիպման մասին»,- ասել է նա։