Ռուս-հայկական հարաբերություններում մեծ փոփոխությունների սպասել պետք չէ․ Իգոր Սեմենովսկի
06 Փետրվարի 2026, 22:00
Քաղաքագետ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Իգոր Սեմենովսկին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի այցը Մոսկվա, հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև ԱՄՆ միջնորդությամբ Աբու Դաբիում ռուս-ուկրաինական բանակցությունները։
Փորձագետի կարծիքով՝ Ալեն Սիմոնյանի մոսկովյան այցից հետո չպետք է ակնկալել հեղափոխական փոփոխություններ ռուս-հայկական հարաբերություններում։
«Հազիվ թե այցից կարելի է ակնկալել որևէ հեղափոխական կամ կառուցվածքային փոփոխություններ ռուս-հայկական օրակարգում՝ հաշվի առնելով վերջին տարիների ցավոտ գործոնները։ Արդյունքները պետք է գնահատել ռուսաստանյան և հայկական կողմերի հռետորաբանության դինամիկայի և գործողությունների հիման վրա՝ առաջիկա եռամսյակում։
Ակնհայտ է, որ առավել ցավոտ հարցերը, ինչպիսիք են Հայաստանի հեռացումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) կամ հարևանների հասցեին հնչող մեղադրանքները, մնում են արդիական։ Ալեն Սիմոնյանը փորձեց մեղմել հռետորաբանությունը այցից քիչ առաջ, մասնավորապես՝ հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, բայց դիվանագիտական տեսանկյունից դա ավելի շատ հիշեցնում էր «բարի դեմք՝ վատ խաղի ժամանակ»՝ բանակցությունների նախապատրաստություն։ Նույնիսկ համատեղ նիստի բաց մասից և արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից երևում էր, որ զրույցը «սրտաբաց» բնույթ չէր կրում. քննարկվում էին լուրջ խնդրահարույց հարցեր։ Արդյունքներն ամփոփելը դեռ վաղ է, բայց ռուս-հայկական քաղաքականության մեջ մեծ փոփոխություններ սպասել պետք չէ»,-ասել է Սեմենովսկին։
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի ներկայիս ղեկավարության գործողությունների պատճառով կարող են տուժել տնտեսությունը և սովորական մարդիկ։
«Հարկ է հիշեցնել, որ դա ի սկզբանե միջխորհրդարանական այց էր՝ հանդիպում ռուսական խորհրդարանի վերին պալատի նախագահի հետ, ով պատասխանատու է միջտարածաշրջանային փոխգործակցության և մեծապես ՌԴ արտաքին քաղաքական համապատկերի համար։ Հանդիպման և ճեպազրույցի ժամանակ լրագրողները բարձրացրեցին մի շարք չլուծված հարցեր, որոնց պատասխանները փորձել է տալ ԱԺ նախագահը։
Մի կողմից սա հարգանքի այց է՝ չի կարելի չարձագանքել կուտակված հարցերին ու դժգոհություններին։ Մյուս կողմից՝ Հայաստանի ներկայիս ղեկավարության գործողությունների պատճառով կարող են տուժել տնտեսությունը և սովորական մարդիկ՝ նրանք, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, ծառայությունների մատուցմամբ, էներգետիկայով և տնտեսության այլ ոլորտներով»,- նշել է Սեմենովսկին։
Մեկնաբանելով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի վերջին հայտարարությունը Հայաստանի եվրաինտեգրման կուրսի տնտեսական հետևանքների մասին՝ փորձագետը նշել է, որ նրա դիրքորոշումն արտացոլում է վերջին 2,5-3 տարիների ռուսական գիծը։
«Սկզբում խոսակցություններ էին գնում այն մասին, որ Հայաստանը կնախընտրեր մերձեցումը ԵՄ-ի հետ, այնուհետև սկսվեց համապատասխան ինստիտուտների շարժը, ընդունվեց օրենք իբր Հայաստանի՝ ԵՄ անդամակցության մասին։ Ընդ որում, ԵՄ կողմից փաստացի հրավեր չի եղել, և հասարակությունը քիչ է տեղեկացված Հայաստանի համար իրական պայմանների մասին։ Պետք է հասկանալ, որ անհնար է միաժամանակ լինել երկու ինտեգրացիոն միավորումների անդամ, որոնք միմյանց հետ չեն փոխգործակցում։ Պետք է ընտրել մեկը և կշռադատված գնահատել ռիսկերը արտաքին քաղաքական կուրսի վերակողմնորոշման դեպքում։
ԵՄ-ն աստիճանաբար տնտեսական բլոկից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի՝ պատժամիջոցային ճնշման գործիքներով և ռազմական հզորությամբ։ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը կպահանջի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, մինչև 2027 թվականը հրաժարվել ռուսական էներգակիրներից, հրաժարվել պտուղ-բանջարեղենային արտադրանքի շահավետ իրացումից»,-եզրափակել է Սեմենովսկին։