Ֆրանկոֆոնիայի մարզական խաղերում Լևոն Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել

04 Օգոստոսի 2023, 16:34

Սպորտ

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում` ցույց տալով 16,40 մետր արդյունք: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

«Ճիշտ է, խանգարող հանգամանքները շատ էին, բայց կարողացանք մեդալներ նվաճել։ Իմ ելույթից ընդհանուր առմամբ գոհ եմ։ Արդյունքս գոհացուցիչ չէ, բայց բավականին հեռու ցատկեր կատարել եմ` հաշվի առնելով քամու հանդիպակաց լինելը»,- ասել է Աղասյան:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ազատ ոճային ըմբիշները 5 մեդալ էին նվաճել Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում: Չեմպիոնի կոչմանն արժանացել և ոսկե մեդալներ էին նվաճել Վրեժ Գևորգյանն (61 կգ) ու Գևորգ Մխեյանը (70 կգ): Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ) դարձել էին արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 կգ)՝ բրոնզե մեդալակիրներ:

Խաղերի չեմպիոնի կոչմանն արժանացել է նաև Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը: Ռիմա Խլղաթյանը սեղանի թենիսի մրցումներում զբաղեցրել է երրորդ տեղը։