Անուն, որը դարձավ սպորտի պատմություն. Ալբերտ Ազարյան

11 Փետրվարի 2026, 23:35

Հայեր

Ալբերտ Ազարյանը (1929–2023 թթ.) հայկական և խորհրդային մարմնամարզության լեգենդն է, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, ում անունը դարձավ ուժի և վարպետության խորհրդանիշ:

Ծնվել է 1929 թվականի փետրվարի 11-ին Գանձակում (այժմ՝ Գյանջա, Ադրբեջան): 14 տարեկանում կորցրել է հորը և ստիպված է եղել օգնել մորը՝ աշխատելով դարբնոցում: Միայն տասնյոթ տարեկանում է սկսել զբաղվել մարմնամարզությամբ, իսկ 1956 թվականին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:

1950-ականների կեսերից Ազարյանը դարձավ իր ժամանակի ուժեղագույն մարմնամարզիկը օղակների վրա վարժություններում: 1953 թվականին Լենինգրադում նա առաջին անգամ կատարեց եզակի մի տարր՝ «խաչը», որը հետագայում ստացավ «Ազարյանական խաչ» անվանումը և դարձավ համաշխարհային մարմնամարզության դասական նմուշ:

1952-1962 թվականներին նա 11 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, որոնցից 8-ը՝ օղակների վրա վարժությունում: 1954 և 1958 թվականներին Ազարյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ 1956 և 1960 թվականներին՝ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները: Նրա տեխնիկան և ուժը նրան դարձրին օղակների անգերազանցելի վարպետ, իսկ անունը հավերժ մտավ սպորտի պատմության մեջ:

2000 թ. Հայաստանի մարզական լրագրողների կողմից ճանաչվել է 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ: 2004 և 2008 թթ. նրան վստահվել է Աթենքի և Պեկինի Օլիմպիական խաղերի բացման արարողությունների ժամանակ կրել Հայաստանի դրոշը: Երկար տարիներ գլխավորել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

2001 թվականին Երևանի քաղաքապետարանը մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցն անվանակոչեց նրա անունով:
2022 թվականին այդ դպրոցի բակում կանգնեցվեց մարմնամարզիկի կիսանդրին, որի բացմանը ներկա էր հենց ինքը՝ 93-ամյա Ազարյանը:

Ալբերտ Ազարյանը ոչ միայն Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն է, այլև կայունության, ուժի և սպորտին նվիրվածության խորհրդանիշ: Նրա «խաչը» դարձավ կյանքի ուղու փոխաբերություն՝ ծանր, հսկայական ջանքեր պահանջող, բայց դեպի փառքի գագաթները տանող: Նա թողեց հարուստ ժառանգություն, որը շարունակում է ոգեշնչել հայ մարզիկների սերունդներին: