Կարևոր է, որ TRIPP-ը չլինի ուղղված երրորդ երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի դեմ․ ՌԴ ԱԳՆ

12 Փետրվարի 2026, 21:32

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունը, պատասխանել է Alpha News-ի մոսկովյան գրասենյակի գլխավոր խմբագիր Հայկ Խալաթյանի հարցին, թե ինչի վրա է հիմնված ռուսական կողմի մոտեցումն այսպես կոչված «Թրամփի երթուղու» վերաբերյալ և ինչով է պայմանավորված այդ հարցում նրա հետևողականությունը։ Սա այն դեպքում, երբ հայկական իշխանությունները բացահայտ հայտարարում են, որ չեն պատրաստվում Մոսկվային ներգրավել TRIPP նախագծում՝ այն բնութագրելով որպես բացառապես հայ-ամերիկյան նախաձեռնություն, իսկ նոր ԱԷԿ-ի կառուցման հարցում նախապատվությունը տալիս են ամերիկյան մոդուլային կայաններին։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նշել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը։

«Ինչ վերաբերում է «Թրամփի ուղի» նախագծին, որը ենթադրում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև անարգել տրանզիտ Հայաստանի հարավով, ապա մեր, ինչպես դուք եք ասում, «հետևողականությունը» կայանում է այդ նախաձեռնության էությունն ու գործնական մանրամասները հասկանալու մեջ։ Առայժմ նման տեղեկատվություն չունենք, և «Թրամփի ուղու» վերաբերյալ մեր դիրքորոշումը պահպանում ենք»,- ընդգծել են գերատեսչությունում։

Միաժամանակ նշվում է, որ կան ակնհայտ օբյեկտիվ գործոններ, որոնք հնարավոր չէ անտեսել։

««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, կոնցեսիոն հիմունքներով կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցը։ Տարածաշրջանում կիրառվում է ռուսական երկաթուղային լայնությունը։ Ապագա մայրուղին մեծ մասամբ կանցնի մեր սահմանապահների պատասխանատվության գոտով։ Հայաստանը նաև մտնում է ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի մեջ։ Բացի այդ, հայկական կողմն արդեն առաջարկել է մեզ միանալ երկրի հիմնական երկաթուղային ցանցը Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող մի շարք այլ հատվածների վերականգնմանը։ Մասնագետները պետք է վերլուծեն տվյալ ուղղություններով, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում, հնարավոր տարանցիկ բեռնահոսքերը»,- ասված է մեկնաբանությունում։

Ըստ գերատեսչության՝ կարևոր է նաև, որ «Թրամփի ուղի» նախագիծը չլինի ուղղված երրորդ երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ։ Այս բոլոր հարցերը փոխկապակցված են և պետք է լուծվեն համակողմանիորեն։

«Մեր կողմից կշարունակենք խորհրդակցությունները հայ գործընկերների հետ։ Մենք հանդես ենք եկել և շարունակում ենք հանդես գալ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի լիակատար ապաշրջափակման օգտին՝ բոլոր սահմանափակումների վերացմամբ արդար և հավասարակշռված հիմքի վրա՝ հաշվի առնելով Հարավային Կովկասի երկրների և նրանց անմիջական հարևանների շահերը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։