Վիկտոր Սողոմոնյանի սերիալը «Մեծ երկրի հերոսները» կինոփառատոնում արժանացել է «Լավագույն սցենար և լավագույն գաղափար» մրցանակին

13 Փետրվարի 2026, 00:02

Մշակույթ

Alpha Media House-ի հիմնադիր, կինոպրոդյուսեր Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա 21» սերիալը «Մեծ երկրի հերոսները» կինոփառատոնի շրջանակում ճանաչվել է հաղթող՝ «Լավագույն սցենար և լավագույն գաղափար» անվանակարգում։

«Մեծ երկրի հերոսները» ազգային կինոմրցանակաբաշխության երրորդ արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում՝ փետրվարի 11-12-ին։ Այն նվիրված է հերոսների կերպարը ձևավորող, երիտասարդության կայացմանն ու դաստիարակությանը նպաստող, ավանդական արժեքները խթանող և ժամանակակից համաշխարհային մարտահրավերներին արձագանքող նախագծերին։

«Ինձ համար մեծ պատիվ է՝ այսքան նախագծերի շարքում հենց այս անվանակարգում արժանանալ մրցանակի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ժյուրիին՝ իսկապես բարձր գնահատականի համար։ Մի քանի խոսքով ասեմ՝ մեր թիմի հետ ժամանակին եկել էինք այն համոզման, որ մեծ անարդարություն է՝ ժամանակակից ռուս դիվանագետների մասին ֆիլմեր չկան: Այն մարդկանց մասին, որոնք հսկայական աշխատանք են կատարում ամբողջ աշխարհում։ Հատկապես մեր օրերում, երբ բոլորը գիտեն հասարակական-քաղաքական իրավիճակը։

Սկզբում սկսվեց աշխատանքը դեսպանատան մասին ֆիլմի վրա, ապա ծնվեց «Վարշավա 21» նախագիծը, և այսօր հենց ժամանակն է բացահայտելու գաղտնիքը։ Ապրիլի 29-ին «Okko» հարթակում կկայանա «Վարշավա»-ի շարունակությունը՝ «Բեռլին 23»-ը։

Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել համապրոդյուսեր Միխայիլ Վոլոբուևին, հրաշալի դերասաններ Դմիտրի Միլլերին և Դմիտրի Կուլիչկովին, ռեժիսոր Ֆելիքս Գերչիկովին, սցենարիստ Ռենատ Խայրուլլինին, օպերատոր Անտոն Կոստրոմինին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս նախագծում։ Եվ, իհարկե, մեծ շնորհակալություն «Okko» հարթակին՝ քաղաքական նախագծի նկատմամբ ցուցաբերած ուշադիր և նրբանկատ վերաբերմունքի համար (իսկ սա իրականում քաղաքական կինո է, որից այսօր շատ քիչ կա)։ Նրանց շնորհիվ այս նախագիծը կյանքի կոչվեց և շարունակվում է», -պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է Վիկտոր Սողոմոնյանը՝ Ռուսաստանի գրողների միության ներկայացուցչից ստանալով հնգաթև աստղով արձանիկը:

Նշենք, որ կինոմրցանակաբաշխությանը ներկայացվել էր 532 նախագիծ, իսկ պարգևատրումը տեղի է ունեցել փետրվարի 12-ին՝ 19 անվանակարգերում։