Կարեն Խաչանովը դուրս է եկել Դոհայի մրցաշարի երկրորդ շրջան

19 Փետրվարի 2026, 10:00

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (աշխարհի 17-րդ ռակետ) դուրս է եկել Դոհայի մրցաշարի երկրորդ շրջան։

Խաչանովը, որը մրցաշարում ստացել է 7-րդ համարը, մեկնարկում 6:1, 3:6, 6:4 հաշվով հաղթել է ճապոնացի Սինտարո Մոտիձուկիին։ Հանդիպումը տևել է 1 ժամ 55 րոպե։

Թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի հունգարացի Մարտոն Ֆուչովիչը:

Դոհայի ATP 500 կարգի մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 2,8 միլիոն դոլարը։

Խաչանովն իր հաշվին ունի ATP հովանու ներքո անցկացվող մրցաշարերի 7 հաղթանակ։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում մարզիկի լավագույն արդյունքը ԱՄՆ բաց առաջնության (2022) և Ավստրալիայի բաց առաջնության (2023) կիսաեզրափակիչ դուրս գալն է։ 2021 թվականին Խաչանովը դարձել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր մենախաղում, իսկ Ռուսաստանի հավաքականի կազմում՝ Դևիսի գավաթակիր։