Համապատասխան ակտերը կայացրած դատավորները կատարել են հանցագործություն. Խուդոյան
18 Փետրվարի 2026, 18:30
Իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանը «AlphaNews»-ի հետ զրույցում անդրադարձել է դատարանի որոշմանը, որով պարտավորեցրել է եկեղեցուն ապահովել կարգալույծ հռչակված երկու քահանաների պաշտոնավարումը:
Խուդոյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը նույնիսկ ձևական առումով չի կարող ընդունելի համարվել։
«Ցանկացած իրավաբանի համար ակնհայտ է, որ այստեղ նույնիսկ ձևական առումով երկրորդ տարբերակը չի կարող լինել։ Ակնհայտ միջամտությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն պրակտիկային, ըստ որի՝ պետությունները իրավունք չունեն միջամտել կրոնական կազմակերպությունների գործերին»,- ասել է նա՝ հավելելով, որ ցանկացած նման միջամտություն, լինի քննիչի, դատախազի կամ դատարանի որոշում, կարող է դիտվել որպես խախտում։
Հովհաննես Խուդոյանն, անդրադառնալով փաստաբան Արա Զոհրաբյանի հնարավոր քայլերին, նշել է, որ իր իրավական գնահատականները համընկնում են նրա դիրքորոշման հետ։
«Արա Զոհրաբյանը, կարծես թե, հանցագործության մասին հաղորդումը պլանավորում է առաջիկայում ներկայացնել դատարան»,- ասել է նա։
Խուդոյանի խոսքով՝ համապատասխան ակտերը կայացրած դատավորները կատարել են հանցագործություն։
Նշենք, որ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հովհաննես Մելքոնյանին, դատավոր Սիմա Աբովյանին և դատավոր և ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը մոտ ապագայում բարձրացվելու է:
Մանրամասները՝ տեսանյութում: