Իրանը պատրաստ է թե՛ բանակցությունների, թե՛ պատերազմի. Պույա Հոսեյնի
18 Փետրվարի 2026, 21:30
Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը կարող է դառնալ թե՛ լարվածության թուլացման, թե՛ նոր սրման մեկնակետ։ Այս մասին «AlphaNews»-ի հետ զրույցում հայտարարել է իրանցի քաղաքական մեկնաբան Պույա Հոսեյնին՝ հավելելով, որ Թեհրանը բոլոր սցենարները համարում է իրատեսական։
Նրա խոսքով՝ բանակցությունները միշտ էլ դիվանագիտական ձևաչափ են, որոնք փոխարինում են պատերազմին, և կողմերն առերևույթ առաջնություն են տալիս հենց այդ ճանապարհին։ Սակայն, նրա գնահատմամբ, Իրանում վստահություն չկա ամերիկյան կողմի իրական նպատակների նկատմամբ։
«Իհարկե, բանակցությունները դիվանագիտական ձևաչափ են՝ պատերազմին փոխարինող։ Երկու երկրներն էլ հայտարարում են, որ առաջնություն են տալիս բանակցություններին, սակայն մենք վստահ չենք, չգիտենք ամերիկյան կողմն ինչ նպատակներ ունի։ Հնարավոր է, ինչպես նախորդ 12-օրյա պատերազմի ժամանակ, բանակցություններն օգտագործվեն ժամանակ շահելու համար»,- ասել է Հոսեյնին։
Մեկնաբանը նշել է, որ միաժամանակ նկատվում է ԱՄՆ-ի ռազմական ակտիվության աճ Իրանի շուրջ, ինչը Թեհրանում ընկալվում է որպես ճնշման գործիք։
«Մենք հիմա տեսնում ենք ԱՄՆ-ի ռազմական ակտիվության աճ Իրանի շուրջ։ Իրանը բոլոր սցենարները պահում է սեղանի վրա։ Այսինքն՝ և՛ պատրաստ է դիվանագիտական գործընթացների, և՛ պատրաստ է պատերազմի»,- ընդգծել է Հոսեյնին։
Նրա խոսքով՝ մինչ իրանցի դիվանագետները շարունակում են բանակցությունները Վաշինգտոնի հետ, Իրանի զինված ուժերը զուգահեռաբար զորավարժություններ են անցկացնում Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում։
«Սա ցույց է տալիս, որ և՛ դիվանագիտական կառույցները, և՛ ռազմական ուժերը գտնվում են լիարժեք պատրաստվածության մեջ։ Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց միաժամանակ պատրաստ ենք նաև պատերազմի»,- եզրափակել է իրանցի քաղաքական մեկնաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում: