Հայաստանի ապառուսաֆիկացումը կշարունակվի, հաջորդը գազամուղն է. Ալեն Ղևոնդյան

18 Փետրվարի 2026, 20:00

Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունները հետևողականորեն իրականացնում են երկրի ապառուսաֆիկացման քաղաքականություն: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

Ըստ քաղաքագետի՝ երկաթուղին, ատոմակայանը և հանքերը սոսկ տնտեսական օբյեկտներ չեն, այլ գեոպոլիտիկ ազդեցության լծակներ։ Ղևոնդյանը նշել է, որ գործող իշխանության համար ընդունելի չէ այն ամենը, ինչը կապված է Ռուսաստանի հետ, նույնիսկ եթե դա բխում է Հայաստանի շահերից։

«Ակնհայտ է, որ Հայաստանի ապառուսաֆիկացումը շարունակական է լինելու։ Հաջորդը լինելու է գազամուղի հետ կապված խնդիրը։ Իշխանությունը հրապարակային ասում է՝ մենք չենք ցանկանում, որ Ռուսաստանն այդ ամենն իրականացնի, եկեք դա հանձնեք ուրիշ երկրների»,-ընդգծել է Ղևոնդյանը:

Նրա համոզմամբ՝ ռուսական ներգրավվածությունը երկաթուղային և այլ ենթակառուցվածքներում անհրաժեշտ է տարածաշրջանային բալանսը պահպանելու համար:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ Ղևոնդյանը շեշտել է, որ իշխանությունը փորձում է հասարակությանը «վաճառել» հարաբերությունների կարգավորման թեզը՝ նախընտրական նպատակներով.

«Փաշինյանը հայտարարում է, թե այս ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները և օլիգարխները վերջնականապես ու անվերադարձ դուրս են շպրտվելու։ Սա պարզապես քաղաքական տեխնոլոգիա է՝ սեփական գործողությունները քողարկելու համար»: