«Հարավկովկասյան երկաթուղի»-ն ՀՀ-ի համար ունի ռազմավարական նշանակություն․ Սերգեյ Շոյգու

19 Փետրվարի 2026, 11:30

Քաղաքականություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որպես գործատու, ապահովում է ավելի քան 2,5 հազար մարդու զբաղվածություն, և նրանք բոլորը Հայաստանի բնակիչներ ու քաղաքացիներ են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Վերջին 20 տարիների ընթացքում,կոնցեսիոն համաձայնագրի շնորհիվ, ՀՀ պետական բյուջե վճարվել է ավելի քան 15 միլիարդ ռուբլի հարկերի տեսքով։ Բացի այդ, վերանորոգվել է ավելի քան 520 կմ երկաթուղային գիծ, այն դեպքում, երբ ՀԿԵ-ի կառավարման ներքո գտնվող ցանցի շահագործման երկարությունը կազմում է մոտ 700 կմ։ Փոխարինվել է կոճափայտերի 50 տոկոսը, իրականացվել է ավելի քան 50 շինությունների վերանորոգում և վերակառուցում, այդ թվում՝ 38 կամուրջ և 2 թունել։ Եթե դիտարկենք վերջին երկու տարվա վիճակագրությունը, ապա պատկերը հետևյալն է․ միջին հաշվով տարեկան «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն տեղափոխում է ավելի քան 500 հազար ուղևոր (որից մոտ 360 հազարը՝ ներպետական հաղորդակցությամբ) և ավելի քան 1,6 միլիոն տոննա բեռ։

Ընկերության ներդրումը հանրապետության տնտեսության մեջ դժվար է գերագնահատել․ Հայաստանի կարիքների համար կենսական նշանակություն ունեցող բոլոր բեռները տեղափոխվում են «ՀԿԵ» ՓԲԸ-ի ուժերով։ Երկաթուղին ունի նաև ռազմավարական նշանակություն՝ ապահովելով ծովային ելք չունեցող երկրի տրանսպորտային կապը։ Այս ամենի հիմքում մարդիկ են՝ ընկերության աշխատակիցները։ Այսօր ընկերությունը, որպես գործատու, ապահովում է ավելի քան 2,5 հազար մարդու զբաղվածություն։ Ի դեպ, նրանք գրեթե բոլորը Հայաստանի բնակիչներ և քաղաքացիներ են, որոնք ստանում են բոլոր անհրաժեշտ սոցիալական վճարումները», -ընդգծել է Շոյգուն։