Հայաստանը իշխանության ձեռամբ լուծարման կամ զիջման անդադար պրոցեսի մեջ է. Ալեն Ղևոնդյան

25 Փետրվարի 2026, 20:00

Քաղաքականություն

Հայաստանը գործող իշխանության ձեռամբ վերածվել է աշխարհաքաղաքական գործիքի, ինչը մեզ տանում է դեպի կործանարար հանգրվանի։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

Ըստ քաղաքագետի՝ երկրում տեղի ունեցող գործընթացները ոչ թե պատահականություն են, այլ հստակ քաղաքականության արդյունք. «Հայաստանը գործող իշխանության ձեռամբ լուծարման կամ զիջման անդադար պրոցեսի մեջ է, միայն թե արտաքին կուրատորները գոհ լինեն և ամեն կերպ աջակցեն իրենց ընտրություններում»:

Անդրադառնալով Իրանի շուրջ լարվածությանը և տարածաշրջանային զարգացումներին՝ Ղևոնդյանը նշել է, որ Հայաստանը զուրկ է ինքնիշխանությունից և պարզապես օգտագործվում է մեծ խաղացողների կողմից.

«Մենք գործիք ենք դառնում մի ուժային բևեռի մրցակցության մեջ՝ ընդդեմ այլ բևեռի։ Արդյունքում մենք ենք տուժելու վատագույն սցենարով։ Իրանը մեր սահմանակիցն է, և մենք ուղղակիորեն մեր կաշվի վրա ենք զգալու ցանկացած բախման ազդեցությունը»։

Քաղաքագետը նաև զգուշացրել է մոտալուտ վտանգների մասին, որոնք ներկայացվում են որպես «ձեռքբերում»։ Նրա խոսքով՝ Մարգարայի անցակետի բացումը ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների համար է, որպեսզի վերջիններս անարգել հասնեն Թուրքիա։

Ինչ վերաբերում է ապրիլի 1-ից նախատեսված կենսաթոշակների բարձրացմանը, Ալեն Ղևոնդյանը դա որակել է որպես «լեգիտիմ ընտրակաշառք»՝ խոցելի խմբերին նորից խաբելու համար։