Հայերի խնդիրն է չմոռանալ Սումգայիթը և խոսել դրա մասին․ Վիտալի Հարությունյան

27 Փետրվարի 2026, 22:40

Կարծիք | Քաղաքականություն

Լրագրող Վիտալի Հարությունյանն Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Սումգայիթում տեղի ունեցած ջարդերին, որոնց ականատես է եղել 38 տարի առաջ, և վերլուծել դրանց հետագա հետևանքները։

«Հիշենք, որ Սումգայիթը նախերգանքն էր։ Հետո եղավ Կիրովաբադը, ապա՝ Բաքուն։ Խորհրդային Միությունում տեղեկատվության սահմանափակ տարածման պայմաններում սումգայիթյան իրադարձությունները փորձեցին լռեցնել, դրանց պատշաճ գնահատական չտրվեց։ Եւ այդ ամենը հանգեցրեց հետագա ջարդերին Կիրովաբադում և Բաքվում։

Հասկանալի է նաև, թե ինչու է Ադրբեջանն այսօր աշխատում այս ուղղությամբ։ Դա պատմություն է, որը նրանք չեն ցանկանում հանրայնացնել, փորձում են հնարավորինս լռեցնել, իսկ լավագույն դեպքում՝ ներկայացնել, թե նման բան չի եղել։ Եվ, ինչպես ցույց է տալիս փորձը, մեդիայի տեսանկյունից նրանք բավական արդյունավետ են գործում։ Ուստի հայերի գլխավոր խնդիրը Սումգայիթը չմոռանալն ու դրա մասին անընդհատ խոսելն է՝ խոսել, խոսել և կրկին խոսել»,- նշել է Հարությունյանը։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը ժամանակին դասեր քաղեց Սումգայիթի իրադարձություններից, սակայն տարիների ընթացքում մասամբ սկսել է մոռանալ այդ դասերը, ինչը կարող է վտանգել Հայաստանի ապագան։

«Այդ ժամանակ դասերը յուրացվել էին, սակայն այսօր, ցավոք, շատ բան մոռացվել է։ Եւ տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում․ գործընթացները հասել են արդեն Հայաստանի սահմաններին՝ բառի ուղիղ իմաստով, և արդեն ընթանում է Հայաստանի նկատմամբ էքսպանսիա»,- եզրափակել է լրագրողը։