Ռուսական դիվանագիտությանը հնարավոր չէ խաբել․ Նիկոլայ Սիլաև
27 Փետրվարի 2026, 23:20
Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Alpha News-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները լրջորեն վնասված են, և պաշտոնական Երևանի կողմից դրանց բարելավմանն ուղղված ջանքեր առայժմ չեն նկատվում, ընդհակառակը՝ իրավիճակը կարող է ավելի բարդանալ։
«Հայ-ռուսական հարաբերությունները լրջորեն վնասված են։ Եվ, դատելով արդեն մեկնարկած նախընտրական արշավի ընթացքում հնչող հայտարարություններից, իրավիճակը, հավանաբար, կարող է էլ ավելի վատթարանալ։ Ռուսաստանի կողմից հարաբերությունները փչացնելու որևէ մտադրություն չկա։ Սակայն, ցավոք, Հայաստանի ղեկավարության կողմից նման մտադրություններ, ըստ երևույթին, առկա են։ Սա դրսևորվում է ոչ միայն վերջին ամիսներին, այլ նույնիսկ վերջին տարիներին։
Իմ կարծիքով՝ ռուսական դիվանագիտությունը բավական քայլեր է ձեռնարկել երկկողմ հարաբերություններն այս ճգնաժամից դուրս բերելու համար, սակայն առայժմ դա չի հաջողվում։ Այստեղ անհրաժեշտ են երկու կողմերի ջանքերը։ Ցավոք, պաշտոնական Երևանի կողմից նման ջանքեր դեռևս չեն երևում»,- նշել է փորձագետը։
Սիլաևի խոսքով՝ հայկական կողմի հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, ուղղված են հենց Մոսկվայի դեմ։
«Երբ դիմում են Եվրամիությանը՝ բացարձակ անհիմն, ես նույնիսկ կասեի՝ անամոթ հայտարարությամբ, թե Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, դա հենց Ռուսաստանի դեմ խաղ է, չէ՞։ Երևանում շատ լավ գիտեն, որ Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ ամենաբայրացակամ տրամադրված ուժերից մեկն է։ Այնտեղ գիտեն նաև Կայա Կալասի մասին․ ես այժմ չեմ գնահատում նրա դիվանագիտական ունակությունները, սակայն նա Ռուսաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներից է։ Եթե նրան դիմում են՝ ասելով, որ «օգնեք, Ռուսաստանը մեզ ճնշում է», այն պարագայում, երբ Ռուսաստանը ոչ մեկին չի ճնշում, դա կոչվում է թշնամական քայլ, և այլ կերպ որակել հնարավոր չէ։
Այո՛, դուք կարող եք ինչ-որ մեկն մոլորեցնել՝ հայտարարելով, որ մենք ուզում ենք լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, իսկ վաղը մեր մեջքի ետևում բանակցել մեր հակառակորդների հետ։ Սակայն ռուսական դիվանագիտությանը նման կերպ խաբել հնարավոր չէ։ Մենք բավական փորձառու մարդիկ ենք։ Ես ինձ չեմ դասում դիվանագետների շարքին, սակայն ռուսական քաղաքական դասին նման ձևով խաբել հնարավոր չէ։ Չեմ հասկանում, ինչու է ընդհանրապես արվում այդ փորձը։ Եթե դուք որոշել եք խզել հարաբերությունները, դա խոր ափսոսանք է առաջացնում Ռուսաստանի մոտ։ Բայց եթե այդպիսին է ձեր որոշումը, թող ընտրողները գնահատեն այն»,- ընդգծել է Սիլաևը։