Չեզոքություն՝ առայժմ․ Թուրքիան կմտնի՞ Իրանի շուրջ հնարավոր պատերազմի մեջ

Տարածաշրջանում Իրանի շուրջ լարվածության ֆոնին Թուրքիան շարունակում է հայտարարել, որ թույլ չի տա իր տարածքն օգտագործել որպես ռազմական հարթակ Իրանի դեմ։ Սակայն, ըստ թուրքագետ Մհեր Աբրահամյանի, այս դիրքորոշումը կարող է վերանայվել՝ կախված զարգացումների ընթացքից։

Alpha News-ի հետ զրույցում Աբրահամյանը նշել է, որ ներկայում Անկարան փորձում է պահպանել հավասարակշռված դիրք և չներգրավվել բաց հակամարտության մեջ։

«Թուրքիան այս փուլում պահպանում է չեզոք դիրք, ինչը նրան հնարավորություն է տալիս միաժամանակ խոսել թե՛ Արևմուտքի, թե՛ Իրանի հետ բավականին կոշտ հռետորաբանությամբ»,- ընդգծել է նա։

Թուրքագետի խոսքով՝ եթե հակամարտությունը խորանա և, օրինակ, ՆԱՏՕ-ն որոշի ավելի ակտիվ ներգրավվել գործընթացներին, Թուրքիայի տարածքը կարող է վերածվել ռազմավարական նշանակության հանգույցի՝ մատակարարումների և հնարավոր ռազմական տեղակայման տեսանկյունից։

«Եթե ՆԱՏՕ-ն ներգրավվի և Թուրքիայի կանոնավոր բանակը մասնակցի գործողություններին, դա կարող է հանգեցնել շատ ավելի լայնամասշտաբ և վտանգավոր զարգացումների»,- ասել է նա։

Թուրքագետի գնահատմամբ՝ Անկարան առայժմ փորձում է իր «խաղաքարտը» պահել վերջում՝ սպասելով, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Նրա խոսքով՝ Թուրքիայի համար կարևոր է չկորցնել ինչպես Արևմուտքի, այնպես էլ տարածաշրջանային դերակատարների հետ մանևրելու հնարավորությունը։

Աբրահամյանը չի բացառել, որ սցենարների փոփոխության դեպքում Թուրքիան կարող է վերանայել իր հայտարարությունները։ Սակայն այս պահին, ըստ նրա, Անկարան շահագրգռված է խուսափել ուղղակի ռազմական ներգրավվածությունից։

«Այս փուլում Թուրքիային ձեռնտու է պահպանել վերահսկվող լարվածություն, այլ ոչ թե բաց ռազմական առճակատում»,- եզրափակել է թուրքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում: