Վերաքննիչը որոշեց, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը դեռևս պետք է պահպանվի. Վարդևանյան
05 Մարտի 2026, 18:01
Վերաքննիչ դատարանի մի Դատավոր իրավաչափորեն ազատ արձակեց Արշակ Սրբազանին ապօրինի կալանքից, իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանը մերժեց մեր կողմից ներկայացված բողոքը և որոշեց, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը դեռևս պետք է պահպանվի: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևնյանը։
Նա, մասնավորաօպես, նշել է. «Որոշումը ստանալուն պես անպայման կներկայացնենք իրավունքի նկատմամբ հերթական խայտառակության մանրամասները, բայց սա ակնհայտ ցույց է տալիս, որ օրվա իշխանությունների վախերն անչափելի են, իսկ քաղաքական հետապնդումն անվիճելի:
Իրար հերթ չտալով խոսում են Սամվել Կարապետյանի խոսքի ազատության սահմանների մասին, միաժամանակ վախենում են նույնիսկ վերացնել այս աբսուրդային սահմանափակումներն ու խափանման ինտենսիվ միջոցը, երբ չկա ու չկար որևէ հիմք այն պահպանելու համար: Հայաստանում ժողովրդավարության նկատմամբ ծաղրը հենց այսպիսի տեսք է ունենում և սա տեսնում է մեր հանրությունը:
Սամվել Կարապետյանի այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ սահմանափակումն առանց որևէ իրավական տվյալի, պարզապես հրապարակայնորեն մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար՝ չի կարող լինել իրավաչափ, չի կարող լինել օրինական, չի կարող լինել ողջամիտ, չի կարող լինել համաչափ:
Չկասկածեք սա ևս հաղթահարելու ենք և հաղթանակներ շատ են լինելու։
Իրավունքը պետք է գերակայի:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։