Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքում

14 Մարտի 2026, 00:38

Քաղաքականություն

Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է բարերար, գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը։

Դատավոր Վարդգես Ստեփանյանի որոշմամբ՝ Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքում։ Բարերարի կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով։

Նշենք, որ վաղ առավոտից «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ, մի խումբ քաղաքացիներ, համակիրներ ու աջակիցներ, ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, Երևանի կենտրոնում բողոքի ակցիաներ են իրականացրել. նրանք շրջում էին քաղաքով՝ «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին» վանկարկումներով ու պաստառներով:

Բացի այդ, քաղաքի ամենատեսանելի հատվածներում տարածվում էին «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» մեծ պաստառներ:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված էր 2025 թվականի հունիսի 18-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Նշենք, որ խոսքը Սամվել Կարապետյանի՝ NEWS.am-ին տված հարցազրույցի մասին է, որտեղ նա, մասնավորապես, հայտարարել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։

Հիմա եթերում